Հայաստանը չի միացել Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում ընդունված հակառուսական խարտիային։
Խարտիայի մշակման նախաձեռնողը Ֆրանսիան է։ Դրանում ներկայացված են Եվրոպայի անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները։ Փաստաթղթում, մասնավորապես, Մոսկվային մեղադրանքներ են ներկայացվում եվրոպական երկրների դեմ հիբրիդային արշավների ուժգնացման առնչությամբ։
Խարտիայում անդրադարձ է կատարվում նաև ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։
Փաստաթղթին աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և եվրոպական ևս 35 պետություն։
Ընդ որում, խոսքը միայն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու մասին չէ։ Փաստաթուղթը ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև ընդգծել են Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։ Հռչակագրում նաև շեշտվում է, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերը պետք է լուծվեն հենց եվրոպական պետությունների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նրանց երկկողմ հանդիպումը։




























