Ամերիկյան իշխանությունները լրացուցիչ ստուգումներ կանցկացնեն՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում տեղի ունեցած մասշտաբային խափանման պատճառները վերջնականապես պարզելու և արտաքին միջամտության հավանականությունը բացառելու նպատակով։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը։

«Լիակատար վստահություն ունենալու համար մենք կիրականացնենք բոլոր ստուգումները և միայն դրանից հետո կկարողանանք ամբողջությամբ բացառել այդ վարկածը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ լրագրողների հարցին։

Մալինի խոսքով՝ ճեպազրույցի պահին կիբեռհարձակման որևէ նշան չէր հայտնաբերվել։ Իշխանությունները շարունակում են հետաքննությունը և առայժմ որևէ վարկած չեն բացառում։ Նախարարն ընդգծել է, որ մասնագետներն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները՝ խափանման բուն պատճառը պարզելու համար։

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքներն ամբողջ երկրում՝ կապի համակարգերի և ռադիոլոկացիոն սարքավորումների աշխատանքում գրանցված խափանումներից հետո։ Սահմանափակումները գործել են ավելի քան չորս ժամ՝ հանգեցնելով չվերթների զանգվածային ուշացումների և չեղարկումների։

Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները միջադեպը նախնական կարգով կապել են տեխնիկական խնդիրների հետ. ըստ նրանց վարկածի՝ նոր սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրումը գերբեռնել է օդային երթևեկության կառավարման հնացած ենթակառուցվածքը։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին զգուշացրել է, որ ավիացիոն համակարգի բնականոն աշխատանքի վերականգնումը ժամանակ կպահանջի։ Իշխանությունները հայտարարել են նաև FAA-ի ենթակառուցվածքի լայնածավալ արդիականացման անհրաժեշտության մասին։