Իրանական «Բուշեհր» ատոմակայանում աշխատող ռուս մասնագետների թիվը հասել է 180-ի։ Մոտ ժամանակներս «Ռոսատոմ»-ը նախատեսում է կայանի տարածքում ներգրավված աշխատակիցների քանակը հասցնել 300-ի։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ներկայումս աշխատակիցների թիվն ավելանում է․ 180 մարդ արդեն տեղում է, և մոտ ապագայում ծրագրում ենք նրանց քանակը հասցնել 300-ի, քանի որ առայժմ մեր աշխատանքների հնարավոր դանդաղեցման ռիսկեր չենք տեսնում»,- ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում պահպանվող լարվածությանը, «Ռոսատոմ»-ն ակնկալում է հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ աշխատանքների նախանշված տեմպերին և ապահովել անձնակազմի նախատեսված թվաքանակը։
Պետական կորպորացիայի ղեկավարը նաև տեղեկացրել է խոշոր ատոմակայանների համար նոր հարթակ կառուցելու և փոքր էներգաբլոկների նախագծեր իրականացնելու վերաբերյալ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Այժմ դրանց շուրջ աշխատանքները կազմակերպչական և նախագծային փուլում են։ Նախագծերի հետագա ընթացքը կախված կլինի Իրանում տիրող քաղաքական, ռազմական և տնտեսական իրավիճակից։
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել և հաստատել, որ իրանական ուղղությունը մեզ համար չափազանց կարևոր է»,- ընդգծել է Լիխաչովը։
Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի ղեկավարը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել էր, որ «Բուշեհր» ԱԷԿ-ի հարթակ է վերադարձել 163 աշխատակից, իսկ ևս 31 մասնագետ մասնակցել է կայանի պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներին։
Հոկտեմբերի 27-ին էլ Լիխաչովը հայտարարել էր, որ պետական կորպորացիան մտադիր է «Բուշեհր» ԱԷԿ-ում ռուս մասնագետների թիվը հասցնել 700-ի։





























