Հունգարիայի իշխանությունները շուրջ 20 միլիոն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել անտառներում, պահեստային ու բնակելի տարածքներում, ինչպես նաև այլ թաքստոցներում։ Այն առգրավվել է երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում ազգային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Միկլոշ Շեշտակի նկատմամբ իրականացվող հակակոռուպցիոն քննության շրջանակներում, հայտնում է AFP-ն։
Հունգարիայի կառավարության կողմից վերջերս ստեղծված Ակտիվների վերադարձի և պաշտպանության ազգային վարչության տվյալներով՝ երկու օր շարունակ խուզարկություններ են անցկացվել Բուդապեշտում և երկրի երեք մարզերում։ Քննիչները գտել են խոշոր կանխիկ գումարներ՝ թաղված անտառում, թաքցված գյուղատնտեսական շինություններում, պահեստներում և բնակելի տներում։ Գումարի մի մասը պահվել է մեկուսի վայրում տեղադրված թանկարժեք չհրկիզվող պահարանում։
Առգրավված միջոցների թվում են 5,07 միլիարդ հունգարական ֆորինտ (համարժեք է մոտ 13,3 միլիոն եվրոյի), ինչպես նաև 2,66 միլիոն եվրո և 1,26 միլիոն դոլար։ Ֆինանսների նախարար Անդրաշ Կարմանի խոսքով՝ Հունգարիայի պետական գանձապետարանի 12 աշխատակից հինգ հաշվիչ մեքենաների օգնությամբ ութ ժամ է ծախսել թղթադրամները հաշվելու վրա։
Իշխանությունները հայտնել են, որ առգրավված գումարն արդեն փոխանցվել է Պետական գանձապետարանի հաշվին։
Շեշտակը ղեկավարել է Ազգային զարգացման նախարարությունը 2014–2018 թվականներին։ Նա կասկածվում է ավելի քան 37 միլիոն դոլարի կաշառք և ապօրինի միջնորդավճարներ ստանալու մեջ։ Քննության վարկածով՝ այդ գումարները կապված են եղել պետական տրանսպորտային ընկերությունների կողմից ուռճացված գներով օգտագործված ավտոբուսների գնման, ինչպես նաև պետական շինարարական ծրագրերի հետ։
Նախկին նախարարը ձերբակալվել է սեպտեմբերի վերջին։ Նա չի ընդունում իր մեղքը։ Նրա փաստաբան Գաբոր Պապը դեռևս չի արձագանքել հայտնաբերված գումարների վերաբերյալ մեկնաբանություն տալու լրագրողների հարցմանը։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը գտածոն որակել է որպես շրջադարձային պահ՝ Օրբանի կառավարման տարիներին ենթադրյալ կոռուպցիայի դեմ պայքարում։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ այս գումարների հայտնաբերումը նշանավորում է ««Ֆիդես» – Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության մաֆիայի պաշտոնական ավարտը»՝ նկատի ունենալով նախկին իշխող կոալիցիան։
Ապրիլին Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության օգտին, համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ վերջ դնելով Օրբանի 16-ամյա կառավարմանը։ Նոր կառավարությունը խոստացել է վերականգնել Եվրամիության հետ հարաբերությունները, որոնք լարվել էին նախկին իշխանությունների հետ երկարամյա տարաձայնությունների պատճառով։
Մադյարի օրոք ստեղծված հակակոռուպցիոն մարմինը օժտվել է քննչական և դատախազական լիազորություններով՝ ենթադրյալ կոռուպցիան ու պետական միջոցների ապօրինի օգտագործումը հետաքննելու համար։





























