Հունաստանի Արևմտյան Ատտիկայի Զեֆիրի քաղաքում հրդեհի հետևանքով լքված շենք է փլուզվել։ Փրկարարները փլատակներից անգիտակից վիճակում դուրս են բերել մեկ հրշեջի և շարունակում են որոնել երկրորդին, որը, ենթադրաբար, դեռ փլատակների տակ է, հայտնում է Kathimerini-ն։

Հրդեհը բռնկվել է շաբաթ առավոտյան՝ Կացանդոնի փողոցում գտնվող շենքում։ Հրշեջ ծառայությունն ահազանգը ստացել է տեղական ժամանակով ժամը 11:40-ի սահմաններում։

Դեպքի վայր է մեկնել շուրջ 20 հրշեջ՝ մի քանի հրշեջ մեքենայով։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում շենքը փլուզվել է, ինչի հետևանքով երկու հրշեջ հայտնվել է փլատակների տակ։

Նրանցից մեկին հաջողվել է դուրս բերել անգիտակից վիճակում։ Նրա առողջական վիճակի և հնարավոր վնասվածքների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Երկրորդ հրշեջի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում է նաև Աթենքի հրկիզումների հետաքննության ստորաբաժանումը, որը պետք է պարզի հրդեհի պատճառներն ու շենքի փլուզման հանգամանքները։