Եվրամիությունն Իսրայելից պահանջել է անհապաղ ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը Գազայի հատված՝ ավերիչ ջրհեղեղներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է AFP-ն։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին ապահովել անհապաղ և անարգել մուտք, ինչպես նաև մարդասիրական օգնության անընդհատ ու լայնածավալ մատակարարում և աջակցություն վաղ վերականգնմանը, և բացել Գազա տանող բոլոր սահմանային անցակետերը», — նշվել է ԵՄ հայտարարության մեջ։
Անցյալ շաբաթ Տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգող մարմինը (COGAT) հայտնել էր, որ հորդառատ անձրևներին ընդառաջ ակտիվացրել է Գազայի հատվածում սանիտարական պայմանների բարելավմանն ուղղված ջանքերը։ Աշխատանքներն իրականացվել են միջազգային կազմակերպությունների հետ համակարգմամբ։
Իսրայելում հերքել են այն մեղադրանքները, թե COGAT-ը բավարար քանակությամբ մարդասիրական բեռներ չի թողնում անկլավ։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նման հայտարարությունները «շեղում են ուշադրությունը ՀԱՄԱՍ-ի պատասխանատվությունից»։





























