Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը Meta Platforms Ireland ընկերությանը տուգանել է 805 մլն եվրոյով՝ առանց առանձին համաձայնության և պատշաճ իրազեկման Facebook-ի օգտատերերի սմարթֆոններում պահվող լուսանկարների, տեսանյութերի և մետատվյալների հասանելիության համար։ Այս մասին նշվել է կարգավորող մարմնի հաղորդագրության մեջ։

Որոշումը վերաբերում է Իտալիայում Android-ի օգտատերերին։

Խոսքը Facebook-ի՝ 2023 թվականին գործարկված «Facebook-ը դիտելիս առաջարկներ ստանալ պատկերասրահից» գործառույթի մասին է։ Այն օգտատերերին առաջարկում է սմարթֆոնի պատկերասրահի լուսանկարներն ու տեսանյութերը՝ որպես հրապարակման նյութեր։

Հետաքննությունը սկսվել է 2025 թվականի հուլիսին՝ Բոլցանոյի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնի բողոքից հետո։ Ստուգման ընթացքում կարգավորող մարմինը պարզել է, որ հավելվածը պատկերասրահի հասանելիության միասնական թույլտվություն էր խնդրում տարբեր նպատակներ ունեցող մի քանի գործառույթների համար։ Ընդ որում, օգտատերերին ցուցադրվում էր «լրացուցիչ գործառույթները միացնելու» անհրաժեշտության մասին ընդհանուր ծանուցում, որից հնարավոր չէր հասկանալ, որ թույլտվությունը հնարավորություն կտա լուսանկարներն ու տեսանյութերն օգտագործել համապատասխան առաջարկությունների համար։

Բացի այդ, գործառույթը լռելյայն միացված էր։ Թույլտվությունը ստանալուց հետո հավելվածը կարող էր կարդալ սարքում պահվող լուսանկարների ամբողջ արխիվը, իսկ հասանելիությունը, որպես կանոն, պահպանվում էր մշտապես։ Միևնույն ժամանակ, ո՛չ օգտատերը, ո՛չ վերահսկող մարմինը չէին կարող ստուգել, թե կոնկրետ որ նյութերն էին օգտագործվում։

Կարգավորող մարմինը նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իտալական օրենսդրությունը, որը կիրարկում է եվրոպական ePrivacy հրահանգը, պահանջում է ազատ և տեղեկացված համաձայնություն՝ սմարթֆոնում պահվող տեղեկությունների հասանելիության համար։ Այս պահանջը գործում է անկախ նրանից՝ տվյալները փոխանցվում են երրորդ անձանց, թե ոչ, և արդյոք օգտատիրոջը վնաս է պատճառվել։ Գերատեսչությունը մերժել է նաև Meta-ի առարկությունն այն մասին, թե գործը պետք է քննի իռլանդական կարգավորող մարմինը։

60 օրվա ընթացքում ընկերությունը պետք է սկսի առանձին համաձայնություն խնդրել գործառույթի օգտագործման համար, հստակ բացատրի դրա նշանակությունն ու անջատման կարգը, ինչպես նաև այն լռելյայն անջատված պահի՝ այդ թվում այն օգտատերերի համար, որոնք նախկինում տրամադրել են պատկերասրահի հասանելիության թույլտվություն։ Եթե ընկերությունը սահմանված ժամկետում չկատարի պահանջները, գործառույթը չի կարող ակտիվացվել օգտատերերի համար՝ առանց վավեր համաձայնության։

Meta-ն պետք է կարգավորող մարմնին տեղեկացնի ձեռնարկված միջոցառումների մասին 30 օրվա ընթացքում, իսկ կատարվածների մասին՝ 90 օրվա ընթացքում։

Տուգանքի չափը որոշելիս կարգավորող մարմինը հաշվի է առել, որ խախտումն առնչվել է Իտալիայում Android-ի շուրջ 20 մլն օգտատերերի, տևել է երկար ժամանակ և պահպանվել է նրանց համար, ովքեր չեն թարմացրել հավելվածը, ինչպես նաև այն օգտատերերի համար, որոնք նախկինում թույլտվություն են տրամադրել։ Ծանրացուցիչ հանգամանքներ են համարվել ընկերության դեմ 2019 թվականին կայացված նախորդ որոշումը և հետաքննության ընթացքում ոչ բավարար համագործակցությունը։ Բողոքից հետո կատարված փոփոխությունները ճանաչվել են մեղմացուցիչ գործոն, սակայն դրանք գնահատվել են որպես ուշացած և միայն հավելվածը թարմացրած օգտատերերին վերաբերող։

Կարգավորող մարմինն առանձին ընդգծել է, որ հետաքննությունը չի առնչվել արհեստական բանականության ուսուցման համար լուսանկարների և տեսանյութերի հնարավոր օգտագործմանը․ Meta-ն հերքում է նման օգտագործումը։ Գերատեսչությունը մտադիր է առանձին ուսումնասիրել 2026 թվականին գործարկված նոր գործառույթը, որը թույլ է տալիս պատկերասրահի բովանդակությունը մշակել ամպային միջավայրում։

Տուգանքի գումարը կազմում է Meta խմբի համաշխարհային շրջանառության մոտ 0,47 տոկոսը։