Սամբոյի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Վացիլով Դավուդովը զոհվել է Մախաչկալայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
Նա 31 տարեկան էր։
Դաղստանի ՆԳՆ տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «Մարակեշ» հանդիսությունների սրահում։ Հարսանիքի հյուրերի միջև վեճ է բռնկվել, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա՝ փոխհրաձգության։ Մասնակիցներից մեկը զենք է հանել և կրակել մեկ այլ տղամարդու վրա։
Նախնական տեղեկություններով՝ կրակողն օգտագործել է տրավմատիկ ատրճանակ։ Դավուդովը գլխի շրջանում վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր հրազենային վնասվածքի հետևանքով տղամարդու մահվան մասին։ Հանրապետության իրավապահ մարմինները «ՌԻԱ Նովոստիին» պարզաբանել են, որ զոհվածը Վացիլով Դավուդովն է։
Դավուդովը սամբոյի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալը նվաճել է 2023 թվականին։ Նա նաև դարձել է ձյուդոյի Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալակիր 2022 և 2023 թվականներին։





























