Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գլխավոր քաղաքական մրցակից Գադի Այզենկոտին կոչ է արել միանալ ազգային միասնության կառավարությանը, որը կմիավորեր Իսրայելին՝ որպես հրեա ժողովրդի պետության, աջակցող բոլոր կուսակցությունները, հայտնել է The Times of Israel-ը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ արաբական կուսակցությունների աջակցությունից կախված կառավարությունը չի կարողանա դիմակայել իրանական սպառնալիքին։
Նոյեմբերի 14-ի տեսաուղերձում Նեթանյահուն հայտարարել է, որ անվտանգության հարցերով ճեպազրույցը, որը նա հինգշաբթի անցկացրել է Այզենկոտի համար, միայն ամրապնդել է կառավարական լայն կոալիցիա ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ իր համոզմունքը։
«Եկեք նստենք մի սենյակում՝ առանց նախապայմանների, մի կողմ դնենք բոլոր տարաձայնություններն ու բոյկոտները և համաձայնության գանք Իսրայելի անվտանգությանն ու ապագային վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում՝ զինվորական ծառայության զորակոչի հարցի, որը կարելի է կարգավորել ուլտրաուղղափառ համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ», — ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն պնդում է, որ Իրանն աշխատում է իր միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ և կարող է միջուկային զենք կիրառել Իսրայելի դեմ։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի դեմ իրականացված երկու ռազմական գործողությունները վերացրել են Իսրայելի ոչնչացման անմիջական սպառնալիքը, սակայն գոյութենական վտանգը պահպանվում է։
«Մենք պետք է մեկընդմիշտ վերացնենք այս գոյութենական սպառնալիքը», — հայտարարել է կառավարության ղեկավարը։
Նա կրկին դեմ է արտահայտվել նեղ կոալիցիա կամ արաբական կուսակցությունների աջակցության վրա հենվող կառավարություն ձևավորելուն՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցելու մեջ։ Նեթանյահուի կարծիքով՝ միայն ազգային միասնության կառավարությունը կկարողանա երկար տարիներ ապահովել երկրի անվտանգությունը։
Իսրայելի վարչապետն իր նախաձեռնությունը կապել է նաև ազգային հաշտեցման անհրաժեշտության հետ։ Որպես առիթ՝ նա հիշատակել է Կնեսետի վերջին նիստը, որի ընթացքում, նրա խոսքով, որոշ մասնակիցներ ցուցադրաբար լքել են դահլիճը Իսրայելի «Հատիկվա» օրհներգի կատարման ժամանակ։
Ընդ որում, կառավարություն ձևավորելու մանդատը տրվել է ոչ թե Նեթանյահուին, այլ Այզենկոտին։





























