Վիետնամի հյուսիսային Բակնին նահանգում զորավարժությունների ժամանակ խորհրդային՝ հետևակի մարտական մեքենայի (БМП-1) խորտակման հետևանքով վեց զինծառայող է զոհվել, նոյեմբերի 14-ին հայտնել է Վիետնամի ազգային պաշտպանության նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, տեղի ժամանակով ժամը 8:25-ի սահմաններում, Բիենշոն համայնքում գտնվող TB1 ազգային ուսումնական հրաձգարանում։ 12-րդ բանակային կորպուսի 308-րդ դիվիզիայի 102-րդ գնդին պատկանող ՀՄՄ-1-ը մարտական առաջադրանքների կատարմանը նախապատրաստվելիս բախվել է չճշտված խնդրի և խորտակվել վեց հոգուց բաղկացած անձնակազմի հետ միասին։
Զոհված զինծառայողներին հետմահու շնորհվել են պատվավոր կոչումներ։ Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ ինչն է դարձել վթարի պատճառը, և չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում է մեքենան հայտնվել ջրում։
ՀՄՄ-1-ը խորհրդային հետևակի մարտական մեքենա է, որը մշակվել է 1960-ական թվականներին։ Այն նախատեսված է հետևակի տեղափոխման և մարտ վարելու համար, ինչպես նաև կարող է լողալով հաղթահարել ջրային արգելքները։
Մեքենայի խորտակման պատճառները դեռևս անհայտ են։ Նման միջադեպերը կարող են կապված լինել մեքենայի ներսում ջրի ներթափանցման կամ լողալիս տեղաշարժն ապահովող սարքավորումների անսարքության հետ, սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ այս ՀՄՄ-ի տեխնիկական վիճակի մասին որևէ տվյալ չկա։
Դեպքը կրկին ուշադրություն է հրավիրում Վիետնամի կողմից խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործման վրա։ Միաժամանակ, հայտնի չէ, թե քանի տարեկան էր խորտակված մեքենան, և արդյոք դրա տարիքը, տեխնիկական սպասարկումը կամ վիճակը կարող էին ազդեցություն ունենալ տեղի ունեցածի վրա։





























