Դեմոկրատ Ջոնաթան Քրայս-Թոմքինսը հաղթել է Ալյասկայի նահանգապետի ընտրություններում՝ դառնալով իր կուսակցության՝ 1998 թվականից ի վեր այդ պաշտոնը զբաղեցնող առաջին ներկայացուցիչը, հայտնել է CBS News-ը։

Նրա հաղթանակը երկրի տարբեր նահանգների իշխանության մարմինների ընտրություններում դեմոկրատների լայնածավալ հաջողության մի մասն է։

Ալյասկայի օրենսդիր ժողովի նախկին պատգամավոր, 37-ամյա Քրայս-Թոմքինսն առաջ է անցել երեք հանրապետական մրցակիցներից, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը ստացած թեկնածուից։ Քրայս-Թոմքինսի թեկնածությանը սատարել են նաև հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին և նահանգի երեք նախկին նահանգապետեր՝ դեմոկրատ Թոնի Նոուլզը, անկախ քաղաքական գործիչ Բիլ Ուոքերը և հանրապետական Ֆրենկ Մուրկովսկին։

Քրայս-Թոմքինսը մեծ քաղաքականություն է վերադարձել օրենսդիր ժողովից հեռանալուց երեք տարի անց։ Քարոզարշավի ընթացքում նա շրջել է նահանգով՝ շեշտը դնելով կյանքի ծախսերի նվազեցման, պետական դպրոցների լիարժեք ֆինանսավորման և նավթագազային ընկերություններին կորպորատիվ շահութահարկ վճարել պարտադրելու անհրաժեշտության վրա։ Նա նաև առաջարկել է ժամանակավորապես արգելել տվյալների մշակման նոր կենտրոնների կառուցումը, մինչև օրենսդիրներն ընդունեն դրանց զարգացման կանոնները։

Թեկնածուն հայտարարել է, որ պաշտոնը թողնող հանրապետական նահանգապետ Մայք Դանլիվիի կառավարման ութ տարիների ընթացքում Ալյասկան հայտնվել է ծանր վիճակում։ Որպես օրինակներից մեկը նա նշել է նահանգի լաստանավային համակարգը, որի աշխատանքը, նրա խոսքով, փաստացի քայքայել են՝ կտրուկ կրճատելով երթուղիների թիվը։ Ալյասկայի հարավ-արևելքի բազմաթիվ բնակավայրերի համար, որոնք չունեն ավտոճանապարհային կապ և ունեն սահմանափակ օդային հաղորդակցություն, լաստանավերը շարունակում են մնալ կարևորագույն տրանսպորտային միջոցը։

Քրայս-Թոմքինսը խոստացել է ձևավորել վարչակազմ, որտեղ կաշխատեն դեմոկրատներ, հանրապետականներ և անկախ քաղաքական գործիչներ։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ի վիճակի են լուծել նահանգի խնդիրները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

«Ընտրողները ցանկանում են փոփոխություններ և կառավարություն, որը կաշխատի՝ հաղթահարելով կուսակցական բաժանարար գծերը, որպեսզի Ալյասկան առաջ շարժվի», — հայտարարել է քաղաքական գործիչը՝ ազդարարելով իր հաղթանակը։ Նա նաև հայտնել է, որ իր քարոզարշավին աջակցել է ավելի քան 10 հազար նվիրատու։

Քրայս-Թոմքինսի հաղթանակով նահանգների թիվը, որտեղ նահանգապետի պաշտոնը զբաղեցնում են դեմոկրատները, հասել է 30-ի։ Բացի Ալյասկայից, կուսակցությունը հաջողություններ է գրանցել նաև այն նահանգներում, որոնք երկար ժամանակ վերահսկում էին հանրապետականները, այդ թվում՝ Այովայում, Ջորջիայում, Օհայոյում և Տեխասում։