Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտնել է, որ Brexit-ից հետո անցած տասը տարում երկիրն ավելի շատ կորցրել է, քան ձեռք բերել, և պահպանողականներին մեղադրել է Եվրոպական միության հետ հարաբերությունների վատթարացման մեջ, հայտնել է The Guardian-ը։

Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը մտադիր է Բրյուսելի հետ նոր համաձայնագրերի հասնել, որոնք, նրա խոսքով, կօգնեն նվազեցնել սննդամթերքի գներն ու աջակցել բրիտանացի արտահանողներին։

Շաբաթ օրը Ուելսում Լեյբորիստական կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս Բերնհեմը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովում ձգտելու է համաձայնության հասնել պարենի և գյուղատնտեսության ոլորտում։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա աջակցել ուելսցի արտադրողներին, այդ թվում՝ ֆերմերներին, ծովամթերք և գառան միս արտահանողներին։

«Կարծում եմ՝ վերջին տասը տարում մենք ավելի շատ կորցրել ենք, քան ձեռք բերել։ Պահպանողականները Մեծ Բրիտանիայի համար ապահովեցին ավելի կոշտ Brexit, քան ակնկալում էին այն մարդիկ, որոնք 2016 թվականին քվեարկել էին ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Հանրաքվեից հետո նրանք այրեցին Եվրամիության հետ բոլոր կամուրջները», — հայտարարել է Բրիտանիայի վարչապետը։

Բերնհեմն ընդգծել է, որ մտադիր է անձամբ ջանքեր գործադրել Բրյուսելի հետ հարաբերությունների բարելավման համար։ Կառավարության գնահատմամբ՝ համաձայնագրերը, որոնք նախատեսվում է քննարկել գագաթնաժողովում, կարող են Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ավելացնել 0,4 տոկոսով կամ մոտ 17 մլրդ ֆունտ սթեռլինգով։ Բանակցությունները կվերաբերեն պարենին և գյուղատնտեսությանը, արտանետումների քվոտաների առևտրին և երիտասարդների շարժունակության ծրագրին։ Բացի այդ, կողմերը կքննարկեն երկարաժամկետ հարաբերությունների հետագա զարգացման տարբերակները։

Միաժամանակ, Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հավատարմությունը լեյբորիստների նախընտրական ծրագրին, որը բացառում է Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ մաքսային միություն և միասնական շուկա, ինչպես նաև տեղաշարժի ազատության վերականգնումը։ Նրա խոսքով՝ հետագա ցանկացած փոփոխություն պետք է հաշվի առնի ընտրողների կամքը և Brexit-ի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։

Ավելի վաղ Բերնհեմը հնարավոր էր համարել վերադարձը միասնական շուկա, մաքսային միություն կամ նույնիսկ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը, սակայն այժմ կրկին ընդգծել է, որ կառավարությունն առայժմ պահպանում է սահմանված սահմանափակումները։

Լոնդոնն արդեն դիտարկում է Եվրամիության հետ մերձեցման այլ տարբերակներ ևս։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան պատրաստ է տարեկան մինչև 450 մլն ֆունտ սթեռլինգ հատկացնել՝ ԵՄ-ից ժամանած ուսանողների համար բրիտանական համալսարաններում ուսման արտոնյալ վճար ապահովելու նպատակով, եթե Բրյուսելը համաձայնի երկրին թույլ տալ մասնակցել Made in Europe արդյունաբերական ծրագրին։

Բացի այդ, բրիտանական կառավարությունը պատրաստ է քննարկել ԵՄ պակաս ապահովված տարածաշրջանների ենթակառուցվածքային նախագծերին ֆինանսական մասնակցությունը՝ էլեկտրաէներգիայի եվրոպական շուկա մուտք ստանալու դիմաց։