Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Մեծ Բրիտանիայի վարչապետի հաղորդակցման գծով նախկին տնօրեն եւ News of the World պարբերականի նախկին խմբագիր Էնդի Քոուլսոնին:
Քոուլսոնին կասկածում են Գլազգոյի Գերագույն դատարանում 2010թ. դեկտեմբերին քաղաքական գործիչ Թոմի Շերիդանի գործի ընթացքում կեղծ վկայություն տալու մեջ:
Ձերբակալվածին կհարցաքննեն Շոտլանդիայում, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` հղում անելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, News of the World հրատարակչությունն իր գոյությունը դադարեցրել է հայտնի մարդկանց հեռախոսները գաղտնալսելու մեղադրանքներից հետո: Հրատարակչության առաջատար խմբագիրներից մեկը` Քլայվ Գուդմանը, դատապարտվել էր, ինչից հետո 2007թ. Քոուլսոնը լքել էր պաշտոնը: Որոշ ժամանակ անց նա դարձել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղորդակցման գծով տնօրենը: Դեւիդ Քեմերոնի վարչապետ դառնալուց հետո Քոուլսոնը դարձավ նրա հաղորդակցման գծով տնօրենը:
Սակայն 2010թ. Սքոթլանդ Յարդը վերսկսեց News of the World-ի գործով դատավարությունը:
Ոստիկանությունն սկսեց հարցաքննել Քոուլսոնին իբրեւ շոտլանդացի քաղաքական գործիչ Թոմի Շերիդանի գործի վկա, որին News of the World-ը մեղադրել էր սվինգ-ակումբ այցելելու մեջ: Քաղաքական գործիչը դատարան հայց էր ներկայացրել զրպարտանքի մասին:




























