Վաշինգտոնի դաշնային դատավոր Անա Ռեյեսը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին այցելուների համար փակել Իսթ Պոտոմակ այգին և հարակից Հեյնս Փոյնթ տարածքը, հայտնում է NBC News-ը։

Որոշումը խոչընդոտ է դարձել այնտեղ գտնվող գոլֆի դաշտի լայնածավալ վերակառուցման՝ ԱՄՆ նախագահի ծրագրերի համար։

Ավելի վաղ վարչակազմը հայտարարել էր, որ կիրակի օրվանից Իսթ Պոտոմակի և Հեյնս Փոյնթի գրեթե ողջ տարածքը կփակվի։ Սակայն դատարանը որոշել է, որ գործի քննության ընթացքում գոլֆի դաշտը, ինչպես նաև այն շրջապատող հեծանվային և հետիոտնային արահետները պետք է բաց մնան։

Բացառություններ թույլատրվում են օբյեկտի նախկին աշխատանքային ռեժիմով նախատեսված սովորական կարճատև փակումների, ինչպես նաև հանրային անվտանգությանը սպառնացող կոնկրետ և անմիջական վտանգների առաջացման դեպքում։

Ռեյեսն ընդգծել է, որ այգու փակումը «անուղղելի վնաս» կհասցներ հայցվոր կողմին՝ Վաշինգտոնի պահպանության լիգային (Washington, D.C., Preservation League), որի ներկայացուցիչները պարբերաբար օգտվում են այս տարածքից։ Դատավորը նշել է, որ նման որոշումը կհակասեր ազգային պարկերի՝ քաղաքացիների համար հասանելիության հետ կապված հանրային շահերին։ Միաժամանակ կառավարությունը չի կարողացել համոզիչ պարզաբանել, թե ինչ վնաս է կրում իրավիճակի ժամանակավոր պահպանումից։

Դատական արգելքը վարչակազմին չի պարտավորեցնում շարունակել գոլֆի ակումբի աշխատանքը՝ ներառյալ ռեստորանային գոտին և գոլֆի մասնագիտացված խանութը։ Սակայն իշխանությունները չեն կարող գոլֆի դաշտի աշխատանքի դադարեցումն օգտագործել որպես այցելուների մուտքը տարածք սահմանափակելու հիմք։

Վարչակազմն այգու փակման անհրաժեշտությունը բացատրում էր վերանորոգման աշխատանքներով, այդ թվում՝ գետափի հենապատի վերականգնմամբ, որի վիճակը, իշխանությունների պնդմամբ, անվտանգությանն անմիջական վտանգ է սպառնում։ Դատավորը կասկած է հայտնել այս փաստարկների համոզիչ լինելու վերաբերյալ։

Ռեյեսը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունը (NPS) կարողացել էր ընդամենը տասն օրում կազմակերպել այդ տարածքում ավելի քան 400 առողջ ծառի հատումը։ Դատավորի կարծիքով, եթե այցելուների անվտանգության համար իրական վտանգ լիներ, գերատեսչությունը կարող էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն վերացնելու համար։ Ավելի վաղ նա ծառահատումն անբարեխիղճ գործողություն էր որակել։

Որոշման կայացումից մի քանի ժամ առաջ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում քննադատել էր այգու վիճակը՝ այն անվանելով «աղբի կղզի»։ Նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը ներկայումս, իր գնահատմամբ, աշխարհի ամենավատ գոլֆի դաշտը կդարձնի լավագույնը։

Հոկտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր այգու գոլֆի երեք դաշտերը մեկ՝ առաջնությունների համար նախատեսված 18 փոսով դաշտի միավորելու մտադրության մասին։ Սակայն արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ադամ Գուստաֆսոնը դատական նիստում պնդել էր, որ այգու փակման որոշումը և վերակառուցման նախագահական ծրագիրը տարբեր գործողություններ են։

Որոշման կայացումից հետո արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դատական արգելքը չի խոչընդոտում համաշխարհային մակարդակի գոլֆի դաշտի կառուցման հետագա պլանավորմանը։ Նա նշել է, որ գերատեսչությունը կշարունակի դատարանում պաշտպանել վարչակազմի ծրագիրը։

Թրամփը նախկինում ևս բախվել է դատական խոչընդոտների՝ Վաշինգտոնի խորհրդանշական վայրերի փոփոխման նախագծերն իրականացնելիս, այդ թվում՝ Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի հետ կապված նախագծերի և հաղթակամարի կառուցման ծրագրերի դեպքում։