Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մտադիր է 2027 թվականի ընտրություններում կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Իր մտադրության մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Բուենոս Այրեսում ցուցահանդեսի բացմանը, հայտնում է La Nacion-ը։

«Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են՝ արդյոք ես առաջադրվելու եմ վերընտրվելու համար. այո՛, առաջադրվելու եմ», — հայտարարել է Միլեյը։

Նա նախագահի պաշտոնը ստանձնել է 2023 թվականին և իրականացրել խիստ խնայողության լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված պետական պարտքի կրճատմանը, գնաճի զսպմանը և տնտեսության ապակարգավորմանը։ Նրա քաղաքականության խորհրդանիշը դարձել է բենզասղոցը, որը Միլեյը ցուցադրաբար օգտագործում էր որպես պետական ծախսերի կրճատման խորհրդանիշ։ Ավելի ուշ այդ կերպարը որդեգրեց ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ ԱՄՆ կառավարության ծախսերի կրճատման արշավի ընթացքում։

Միլեյի օրոք գնաճը դանդաղել է, իսկ պետական բյուջեն հաջողվել է հավասարակշռել։ Միաժամանակ նախագահի տնտեսական քաղաքականությունն ուղեկցվել է աշխատատեղերի կրճատմամբ և էլեկտրաէներգիայի ու հասարակական տրանսպորտի սուբսիդիաների վերացմամբ, ինչն ավելացրել է բնակչության մի մասի ֆինանսական բեռը։

Միլեյը կարծում է, որ, չնայած դժվարություններին, Արգենտինան շարժվում է ճիշտ ուղղությամբ։

«Մեր՝ իշխանության գալուն նախորդած հարյուր տարվա ընթացքում Արգենտինան ավելի ու ավելի մեկուսացած էր դառնում, իսկ նրա բնակչությունը՝ ավելի ու ավելի աղքատ», — հայտարարել է երկրի նախագահը։

Նա նշոլ է, որ այժմ Արգենտինան տնտեսական աճ է գրանցում։

Միլեյը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցն է, յուրովի կրկնել է նրա Make America Great Again («Ամերիկան կրկին հզոր դարձնենք») քաղաքական կարգախոսը։

«Մենք դեռ շատ անելիք ունենք՝ Արգենտինան կրկին հզոր դարձնելու համար», — հայտարարել է Արգենտինայի առաջնորդը։