Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանն ունի մոտ 1,5–2,5 հազար հրթիռ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչներին։

Ընդ որում, գնահատականի հավաստիության աստիճանը ցածր է համարվում՝ Իրանի սպառազինության պաշարներին հետևելու դժվարությունների պատճառով։ Այդուհանդերձ, պարբերականի զրուցակիցների վկայությամբ, Թեհրանը շարունակում է զգալի հրթիռային զինանոց ունենալ։

Ինչպես նշում է WSJ-ը, Իրանի պաշարների ենթադրյալ ծավալներն ազդում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում Իսլամական Հանրապետությանը հնարավոր ռազմական հարված հասցնելու շուրջ քննարկումների վրա։

Իսրայելցի պաշտոնյաների գնահատմամբ, Իրանն ունի ավելի քան 1,5 հազար բալիստիկ հրթիռ։ Թեև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ մարտական գործողությունների ընթացքում Իրանի հրթիռային պաշարներն ու արտադրական հզորությունները հարվածների են ենթարկվել, Թեհրանը պատրաստվում է հնարավոր նոր հակամարտության։

«Նրանք վերականգնվում են, վերազինվում», — WSJ-ի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի ներկայացուցիչը։

Անցյալ շաբաթ Իրանը ներկայացրել է նոր ստորգետնյա հրթիռային համալիրը՝ այն անվանելով «հրթիռների քաղաք»։ Ավելի վաղ արևմտյան անանուն մի պաշտոնյա, վկայակոչելով հետախուզական տվյալները, Bloomberg-ին հայտնել էր, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային արշավի հետևանքով Իրանի սովորական զինված ուժերի լուրջ թուլացմանը՝ երկիրը, հավանաբար, դեռ առնվազն 1,7 հազար բալիստիկ հրթիռ ունի։ Նրա գնահատմամբ, Իրանն ի վիճակի է ամսական մինչև 50 այդպիսի հրթիռ արտադրել։

Լրատվամիջոցների տվյալներով, վերջին օրերին Թրամփը բարձրաստիճան խորհրդականներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Իրանին հարվածելուց, եթե Թեհրանն ու նրա աջակցությունը վայելող եմենցի հութիները ԱՄՆ-ի դեմ նոր սադրիչ գործողություններ չձեռնարկեն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ընդհակառակը, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, շարունակում է հանդես գալ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերով Իրանին հարվածներ հասցնելու օգտին։ Նրա դիրքորոշումը քննարկվում է Իսրայելի խորհրդարանում ուժերի հարաբերակցության փոփոխության ֆոնին՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքում նրա կոալիցիան կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։