Greenpeace կազմակերպության բնապահպանները շուրջ 15 տոննա քարաբեկորներ են նետել Հյուսիսային ծովի հատակի այն հատվածում, որը նախատեսված է Մեծ Բրիտանիայի խոշորագույն ծովային հողմակայաններից մեկի կառուցման համար, հայտնում է The Guardian-ը։

Քարերը պետք է ստորջրյա պատնեշ ստեղծեին հատակային տրալային ձկնորսության դեմ, սակայն այժմ RWE էներգետիկ ընկերությունը պետք է գնահատի՝ արդյոք ակցիան կազդի Norfolk Vanguard նախագծի շինարարության նախապատրաստման վրա, հայտնում է The Guardian-ը։

Greenpeace-ը սկսել է քարեր նետել Նորֆոլկ կոմսության ափերի մոտ՝ առանց ծովային իշխանությունների հետ համաձայնեցնելու։ Յուրաքանչյուր քարաբեկորը կշռում է մինչև երկու տոննա։ Պատնեշը կոչված է ծովախոզերին և ծովային կենդանական աշխարհի այլ տեսակներին պաշտպանելու հատակային տրալային ձկնորսության հետևանքներից. սա արդյունագործական ձկնորսության եղանակ է, որի դեպքում ձկնորսական ցանցերը քարշ են տալիս ծովի հատակով։

Պարբերականի տվյալներով, ակտիվիստները ստուգել են տարածքը՝ ստորջրյա մալուխների, խողովակաշարերի և խորտակված նավերի առկայությունը պարզելու համար, սակայն չեն իմացել Norfolk Vanguard East հողմակայանի կառուցման ծրագրերի մասին։

Ակցիան տեղի է ունեցել մի քանի օր առաջ այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը COP31 կլիմայական գագաթնաժողովում հայտարարել է Vanguard East և Vanguard West նախագծերի համար 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ պետական միջոցների հատկացման մասին։ Կառավարության և վերականգնվող էներգետիկայի նախագծեր մշակող ընկերությունների մասնակցությամբ կնքված համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ ֆունտ։ Շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

Նախագիծն իրականացնող գերմանական RWE էներգետիկ կոնցեռնը բանակցում է Greenpeace-ի հետ՝ քարաբեկորների ճշգրիտ տեղադրությունը պարզելու և անցած ամռանը սկսված ծովի հատակի ուսումնասիրությունների արդյունքները թարմացնելու համար։ Ընկերությունը նաև գնահատում է քարերի հնարավոր ազդեցությունը հողմակայանի կառուցման և ստորջրյա մալուխների անցկացման վրա։

RWE-ի ներկայացուցիչը Greenpeace-ի հետ փոխգործակցությունը կառուցողական է անվանել և հայտարարել, որ ընկերությունը կշարունակի ուսումնասիրել Norfolk Vanguard East նախագծի համար հնարավոր հետևանքները։

Greenpeace-ը չափազանցված է համարում շինարարությանը խոչընդոտելու վերաբերյալ մտահոգությունները։ Greenpeace UK-ի համատեղ գործադիր տնօրեն Ուիլ Մաքքալումը հայտարարել է, որ էներգետիկ ընկերություններն առանց այդ էլ պարբերաբար հատակից հեռացնում են բնական քարաբեկորները՝ նախքան ծովային հողմակայանների կառուցումը։ Նրա կարծիքով, դրանցից մի քանիսը կարող են տասն անգամ ավելի ծանր լինել, քան ակտիվիստների տեղադրած քարերը։

Մաքքալումն ընդգծել է, որ կազմակերպությունն աջակցում է ծովային հողմաէներգետիկայի զարգացմանը, իսկ գցված քարաբեկորները պետք է ծովի հատակը պաշտպանեն հատակային տրալային ձկնորսության կործանարար ազդեցությունից մինչև շինարարության սկիզբը։ Որոշ քարեր զարդարված են հայտնի մարդկանց, մասնավորապես, դերասաններ Սայմոն Փեգի և Բենեդիկտ Քամբերբեթչի պատկերներով և ստորագրություններով, որոնք աջակցել են ծովային միջավայրի պաշտպանության արշավին։

Այդուհանդերձ, ինչպես նշում է The Guardian-ը, քարաբեկորները, հավանաբար, ստիպված կլինեն հեռացնել մի քանի ամսվա ընթացքում, քանի որ հողմակայանի շինարարությունը պետք է սկսվի մոտ ժամանակներս։