Հոկտեմբերից համացանցում գործել է մոտ 1000 սերվեր, որոնք ենթադրաբար օգտագործվում են արհեստական բանականության կիրառմամբ կիբեռհարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար։ Սա են վկայում շաբաթ օրը հրապարակված համակարգչային միջադեպերին արձագանքող խմբի ճապոնական համակարգող կենտրոնի՝ JPCERT/CC-ի ղեկավարությամբ անցկացված միջազգային հետաքննության արդյունքները, հաղորդում է Kyodo-ն։
Կենտրոնի տվյալներով, սերվերները կարող էին օգտագործել ԱԲ-ի վրա հիմնված գործիքներ՝ խոցելիությունն ավտոմատ կերպով որոնելու և ամբողջ աշխարհում կայքերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի սկզբին՝ կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ։ Այժմ մասնագետները հետևում են հայտնաբերված սերվերներից 600–700-ին։
Սերվերների մեծ մասում տեղակայված էին արհեստական բանականությամբ հարթակներ, այդ թվում՝ ներթափանցման թեստավորման համար նախատեսված Artex գործիքը։ Նման ծրագրերը կիրառվում են համակարգչային համակարգերի պաշտպանվածությունը ստուգելու համար, սակայն չարագործները կարող են դրանք օգտագործել խոցելիություններ որոնելու և կազմաձևման ֆայլեր գողանալու փորձեր կատարելու նպատակով։
Սերվերներից մեկում հետազոտողները հայտնաբերել են ամերիկյան Anthropic ընկերության մշակած՝ ծրագրավորմանն օժանդակող գործիքի հետքեր։
Սա կարող է վկայել այն մասին, որ չարագործներն օգտագործում են ԱԲ գործիքներ՝ իրենց հարձակումների հնարավորություններն ընդլայնելու համար։
Հանրամատչելի որոշ սերվերներում առկա էին բջջային հավելվածների ներքին կառուցվածքի վերլուծության ծրագրեր և համակարգերի խոցելիությունների ստուգման գործիքներ։ Հետազոտողների վարկածով, հաքերները կարող էին ուսումնասիրել հավելվածները, այնուհետև փորձել չարտոնված մուտք ստանալ դրանց՝ արտաքին համակարգերի հետ տվյալների փոխանակման համար նախատեսված միջերեսների միջոցով։
Նախկինում բարդ կիբեռհարձակումներ իրականացնելու համար պահանջվում էին զգալի տեխնիկական գիտելիքներ և ժամանակ։ Արհեստական բանականության առաջադեմ համակարգերի զարգացումը հեշտացնում է կոտրման առանձին փուլերի ավտոմատացումը, այդ թվում՝ պաշտպանության թույլ կետերի որոնումն ու ծրագրային ապահովման վերլուծությունը։
JPCERT/CC-ի վերլուծաբան Քեն Սաձյոն նախազգուշացրել է, որ կիբեռհարձակումներում ԱԲ-ի կիրառումը դեռ վաղ փուլում է, սակայն հետագայում նման հարձակումները կարող են ավելի բարդ ու հնարամիտ դառնալ։
Միաժամանակ հետազոտությունը հայտնաբերել է սերվերներ, որոնք ենթադրաբար ներգրավված են հարձակումների նախապատրաստման մեջ, սակայն ինքնին չի հաստատում, որ դրանցից յուրաքանչյուրն օգտագործվել է համակարգեր հաջողությամբ կոտրելու համար։





























