Շաբաթ երեկոյան Մայամիի միջազգային օդանավակայանի ղեկուղու վրա բախվել են UPS ընկերության բեռնատար ինքնաթիռն ու Copa Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, հայտնում է ABC 7-ը։
Երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հոսպիտալացման կարիք չի եղել, հայտնել են օդանավակայանի և ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ներկայացուցիչները։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21։15-ին։
FAA-ի տվյալներով, Copa Airlines ավիաընկերության Boeing 737-ի թևի ծայրը, երբ ինքնաթիռը շարժվում էր դեպի նստեցման ելքը, դիպել է UPS ընկերության Boeing 767-ի քթամասին, որը պատրաստվում էր մեկնել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։
Ինչպես պարզաբանել են FAA-ում, օդային երթևեկության կարգավարներն ավելի վաղ UPS-ի անձնակազմին հրահանգել էին ճանապարհը զիջել Copa Airlines-ի ինքնաթիռին։ Բախման հանգամանքները քննվում են։
Ըստ կարգավարական ծառայության հետ խոսակցությունների ձայնագրության՝ օդաչուներից մեկը միջադեպից հետո հայտնել է․ «Ինչ-որ մեկը բախվեց մեզ»։
Դեպքի վայրից լուսանկարներում երևում են ինքնաթիռներից մեկի քթամասի վնասվածքները։ Մայամի-Դեյդ շրջանի ավիացիոն ծառայության տեղեկություններով, հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները երկու տուժածներին օգնություն են ցուցաբերել տեղում։
Օդանավակայանում հայտնել են, որ ինքնաթիռներն ուղղորդվել են այլ ղեկուղիներ, ուստի բախումը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։
«Մենք տեղյակ ենք Մայամիում գետնի վրա մեր ինքնաթիռներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։ Մեր անձնակազմը չի տուժել, և մենք պատրաստ ենք համագործակցել իշխանությունների հետ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Մեր աշխատակիցների և բնակչության անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,— ասված է UPS-ի հայտարարության մեջ։





























