Հնագետներին հաջողվել է ավելի ճշգրիտ որոշել Բաբելոնի անկման տարեթիվը՝ հին Միջագետքի պատմության առանցքային իրադարձություններից մեկը։ Նոր հետազոտության համաձայն, Հին Բաբելոնյան թագավորությունն անկում է ապրել մ.թ.ա. 1587 թվականին։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Մ.թ.ա. II հազարամյակի Միջագետքի ժամանակագրությունը երկար ժամանակ վեճերի առարկա էր։ Չնայած տարածաշրջանի հարուստ գրավոր ժառանգությանը՝ պատմաբանները չէին կարողանում միասնական կարծիքի գալ թագավորների գահակալության և Բաբելոնի անկման տարեթվերի շուրջ։ Մրցակցող ժամանակագրական մոդելների միջև տարբերությունները հասնում էին 150 տարվա, ինչը դժվարացնում էր Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրածովյան տարածքում տեղի ունեցած իրադարձությունների համադրումը։
Միջագետքի գրագիրները թողել են թագավորների ցուցակներ, վարչական փաստաթղթեր և արքայական արձանագրություններ, սակայն իրադարձությունները հիմնականում թվագրել են միապետների գահակալության տարիներով՝ դրանք չկապելով միասնական օրացուցային համակարգի հետ։
Ժամանակագրության համար լրացուցիչ հենարան էին աստղագիտական դիտարկումները։ Ամմիսադուկա թագավորի օրոք բաբելոնացիները գրանցում էին հորիզոնում Վեներայի հայտնվելն ու անհետանալը՝ այդ երևույթները կապելով գահակալության որոշակի տարիների հետ։ Սակայն մոլորակի շարժման պարբերականությունը թույլ էր տալիս դիտարկումները համապատասխանեցնել մի քանի հնարավոր ժամանակաշրջանների, ուստի տարեթվերը միանշանակ որոշել չէր հաջողվում։
Վեճը լուծելուն օգնեցին Անատոլիայից՝ ժամանակակից Թուրքիայի տարածքից հայտնաբերված հնագույն փայտանյութի տարեկան օղակները։ Այնտեղ գտնված փայտե նմուշները Միջագետքի պատմության հետ կապվում են Հին Ասորեստանի ժամանակաշրջանի առևտրային ցանցի միջոցով. առևտրականները թողել են գրավոր վկայություններ, որոնք կարելի է համադրել Միջագետքի թագավորների գահակալության ժամանակաշրջանների հետ։
Արիզոնայի համալսարանի տարեկան օղակների հետազոտության լաբորատորիայի գիտաշխատող Շառլոթ Փիրսոնի ղեկավարած հետազոտական խումբը չափել է ռադիոակտիվ ածխածին-14-ի պարունակությունը անատոլիական փայտանյութի առանձին տարեկան օղակներում։ Դրա համար գիտնականները համագործակցել են Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի (ETH Zurich) իոնային փնջերի ֆիզիկայի լաբորատորիայի հետ։
Փայտանյութի նմուշները օրացուցային տարեթվերին կապելու համար հետազոտողներն օգտագործել են ավստրիական Տիրոլից սոճու փայտանյութ, որը ճշգրիտ թվագրված էր տարեկան օղակներով, ինչպես նաև Գերմանիայից կաղնու փայտանյութ։ Արդյունքում հաջողվել է անատոլիական փայտանյութի օղակների հաջորդականությունը համապատասխանեցնել որոշակի օրացուցային տարիների՝ մ.թ.ա. 2072-ից մինչև 744 թվականը։
Այնուհետև գիտնականները ստացված տարեթվերը համադրել են հնագիտական տվյալների և սառցե հորատուկներից ստացված բարձր ճշգրտության տեղեկությունների հետ՝ ստուգելու Միջագետքի ժամանակագրության մրցակցող մոդելները մ.թ.ա. 2000-ից մինչև 1500 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։
Արդյունքները ցույց են տվել, որ առավել համոզիչ հաստատում է ստացել այսպես կոչված միջին-ցածր ժամանակագրությունը, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում միջին և ցածր մոդելների միջև։ Ըստ դրա, Հին Բաբելոնյան թագավորությունն անկում է ապրել մ.թ.ա. 1587 թվականին։
Հետազոտության հեղինակների կարծիքով, բարձր ճշգրտության ռադիոածխածնային չափումների համադրումը հնագիտական և այլ անկախ տվյալների հետ թույլ է տալիս էապես բարձրացնել պատմական թվագրումների ճշգրտությունը։ Տարեկան օղակների ստացված հաջորդականությունը կարող է նաև օգնել թվագրել աշխարհի այլ տարածաշրջաններից փայտանյութի նմուշները։





























