Իսրայելում մեղադրանք կառաջադրվի երկրի հյուսիսի մի բնակչի, որը կասկածվում է Իրանի օգտին լրտեսելու մեջ։ Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության ծառայության և ոստիկանության տվյալներով, Վիսամ Ղալեբ Սալեհ Ավադը գաղափարական դրդապատճառներով կատարել է իրանցի գործակալների առաջադրանքները՝ դրա դիմաց գումար չստանալով, հայտնում է The Times of Israel-ը։

Իսրայելի հյուսիսում գտնվող Մազրաա բնակավայրում բնակվող Ավադը ձերբակալվել է անցյալ ամիս՝ «Շին Բեթ»-ի և ոստիկանության համատեղ քննության շրջանակում։

Նա կասկածվում է օտարերկրյա գործակալի հետ կապեր ունենալու և այնպիսի առաջադրանքներ կատարելու մեջ, որոնք, իրավապահ մարմինների պնդմամբ, սպառնացել են պետության անվտանգությանը։

Գերատեսչությունների համատեղ հայտարարության համաձայն, Ավադն ինքն է Telegram մեսենջերի միջոցով կապ հաստատել իրանցի գործակալների հետ և առաջարկել իր ծառայությունները։ Իշխանությունները պնդում են, որ նա գործել է գաղափարական դրդապատճառներով՝ ձգտելով վրեժխնդիր լինել, և աջակցություն է հայտնել ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։

Քննության տվյալներով, Ավադը լուսանկարել է ռազմավարական օբյեկտներ, ռազմակայաններ և ոստիկանական բաժանմունքներ, ապա ստացված լուսանկարներն ու կոորդինատները փոխանցել իր համակարգողներին՝ հետագա օգտագործման համար։

Անցյալ ամիս ոստիկանները խուզարկություն են անցկացրել նրա տանը և առգրավել բջջային հեռախոսներ ու համակարգիչներ։ Քննության ավարտից և ապացույցներ հավաքելուց հետո պետական անվտանգության դեմ հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հայֆայի մագիստրատական դատարան։ Դատախազությունը նաև պահանջում է երկարաձգել Ավադի կալանքը մինչև դատաքննության ավարտը։

«Շին Բեթ»-ը և ոստիկանությունը հայտարարել են, որ Իսրայելի քաղաքացիների մասնակցությունը երկրի անվտանգությանը սպառնացող գործունեությանը համարում են չափազանց լուրջ խախտում։

Վերջին երկու տարում Իսրայելում տասնյակ մարդկանց, այդ թվում՝ մի քանի զինծառայողների և պահեստազորայինների, մեղադրանք է առաջադրվել Իրանի օգտին լրտեսելու համար։ Շատ դեպքերում իրանցի գործակալներն իսրայելցիներին հավաքագրել են սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ Telegram-ի միջոցով։ Իշխանությունների տվյալներով, առավել հաճախ դրդապատճառը եղել է գումարը։

Որպես կանոն, հավաքագրողները սկզբում իրենց հետ կապի մեջ գտնվող անձանց հանձնարարում են համեմատաբար պարզ առաջադրանքներ, օրինակ՝ վնասել գույքը կամ տեսանկարահանել հասարակական վայրերը։ Հետագայում նման հանձնարարությունները կարող են ավելի լուրջ բնույթ ստանալ և նույնիսկ ներառել բռնի գործողություններ։

Նման գործերի թվի աճի հետևանքով Հայֆայում գտնվող իսրայելական «Դամոն» բանտում Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների համար նոր բաժանմունք է բացվել։ Այդ գործերի մեծ մասով դատական քննությունը դեռ շարունակվում է։