Ամերիկյան Ford ավտոարտադրողն ավելի քան 100 ավտոմեքենա է հավաքել արտասովոր հավաքածուում, որը պահվում է Էն Արբորի և Դետրոյթի միջև գտնվող՝ Amazon-ի նախկին լոգիստիկ կենտրոնում, գրում է Motor 1-ը։

Այստեղ կարելի է տեսնել հազվագյուտ նախատիպեր, կոնցեպտ և սերիական մեքենաներ, որոնք վաղուց անհետացել են ճանապարհներից։ Ընկերությունը նախագիծն անվանում է Ford Vault՝ «Ford-ի ավտոմեքենաների պահոց»։
Ամենաանսովոր մեքենաներից մեկը 2000 թվականի արտադրության մուգ կարմիր Ford Contour SVT սեդանն է։ Քառորդ դարի ընթացքում ավտոմեքենան անցել է ընդամենը 123 մղոն (մոտ 198 կմ), իսկ դրա ապակու վրա մինչև օրս պահպանվել է գործարանային պիտակը։

Կողքին կանգնած է տասը մխոցանի V10 շարժիչով փորձարարական Mustang GT-ն, որն ինժեներներն օգտագործել են ապագա սպորտային մոդելները մշակելիս։ Նախատիպը պետք է ոչնչացվեր, սակայն աշխատակիցներն այն թաքցրել են պահեստում։ Այսօր Ford-ը շարունակում է մեքենան օգտագործել փորձարկումների և տեխնիկական հետազոտությունների համար։

Հավաքածուն պատմում է ոչ միայն սերիական ավտոմեքենաների պատմության, այլև այն նախագծերի մասին, որոնք այդպես էլ չեն հասել հոսքագիծ։ Ցուցանմուշների թվում են Ford Bronco-ի վաղ դիզայներական մանրակերտը, որը ստեղծվել է ղեկավարությանը համոզելու՝ վերակենդանացնել ամենագնացի անվանումը, և 2005 թվականի Ford SYNus կոնցեպտը։ Այստեղ ներկայացված են նաև փրփրանյութից պատրաստված Ford Focus-ի վաղ մանրակերտը, որի օգնությամբ ինժեներներն ուսումնասիրում էին սրահի տարածքը մեծացնելու հնարավորությունները, և հազվագյուտ Ford UXC կոնցեպտը։

Հավաքածուում կան նաև այլ կազմակերպությունների և սեփականատերերի տրամադրած ավտոմեքենաներ։ Օրինակ՝ հեռուստահաղորդավար Ջեյ Լենոյի հավաքածուից 1934 թվականի Ford պիկապը, Դետրոյթի պատմական ընկերության Cougar II կոնցեպտը և Միչիգան նահանգի՝ տարբեր տարիների չորս ոստիկանական մեքենաներ՝ սկսած 1957 թվականից։

Պահոց ստեղծելու գաղափարն առաջացել է երեք տարի առաջ, երբ Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին Մեծ Բրիտանիայում տեսել է ընկերության նմանատիպ հավաքածու։ Այժմ ավտոարտադրողը ցանկանում է նոր թանգարանը բացել հանրության համար։ Դրա համար Ford-ը Ռոմուլուս քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցնում է տարածքի գոտիավորման փոփոխությունն ու շինարարական պահանջների կատարումը։ Բացման հստակ ժամկետներ առայժմ չեն հայտարարվել։




























