Գերմանիայի Բայրոյթ քաղաքում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու վաճառքի խանութ և հափշտակել մի քանի արժեքավոր իր, հայտնում է dpa-ն։
Երկու կասկածյալ ձերբակալվել է, երրորդի որոնումները շարունակվում են, կիրակի հայտնել է ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով, տեղական ժամանակով ժամը 03։40-ի սահմաններում երեք չարագործներ ավտոմեքենայով մխրճվել են խանութ, վերցրել մի քանի իր և փախուստի դիմել մեկ այլ մեքենայով։
Ոստիկանական պարեկը կասկածյալների ավտոմեքենան նկատել է A9 ավտոմայրուղում, որով նրանք շարժվում էին դեպի հարավ, և սկսել հետապնդումը։ Շուտով փախուստի դիմած անձինք դուրս են եկել մայրուղուց, մեքենան թողել անտառապատ տարածքում և փորձել են ոտքով փախչել։
Երրորդ կասկածյալի որոնումների համար ոստիկանությունը ներգրավել է պարեկային ավտոմեքենաներ, ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռ։





























