Մեկ օրում Իսպանիայի Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 1,5 հազար միգրանտ․ սա 2020 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

EFE գործակալությունը, վկայակոչելով ծովային փրկարար ծառայությանը, հայտնել է, որ շաբաթ օրը Իսպանիայի առափնյա պահպանությունը 14 նավակից փրկել է 1488 մարդու։

Արևմտյան Աֆրիկայի երկրներից ժամանող միգրանտների թվի կտրուկ աճը շարունակվում է հոկտեմբերից և մեծացնում արշիպելագի ընդունման կենտրոնների ու արտակարգ ծառայությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես փոքր ու սակավաբնակ կղզիներում։

Նախորդ օրական ռեկորդը գրանցվել էր 2020 թվականի նոյեմբերի 7-ին, երբ փրկարարները Կանարյան կղզիների մերձակա ջրերում հայտնաբերել էին 1461 մարդու։

Շաբաթ օրը ժամանած նավակներից մեկում եղել է 240 մարդ, այդ թվում՝ 12 կին և 36 երեխա։ Փրկվածներին տեղափոխել են Էլ Հիերո՝ արշիպելագի ամենափոքր կղզիներից մեկը։ Միգրանտների մեծ մասը ժամանել է Սենեգալից, Գամբիայից և Գվինեայից։

Ընդհանուր առմամբ, Էլ Հիերո է հասել 12 նավակ, ևս մեկական՝ Գրան Կանարիա և Տեներիֆե։ Կիրակի օրը Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսը պետք է այցելի Էլ Հիերո՝ քննարկելու ժամանող միգրանտների թվի աճով պայմանավորված իրավիճակը։

Արևմտյան Աֆրիկայից դեպի Կանարյան կղզիներ ձգվող ատլանտյան երթուղին համարվում է աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն ուղիներից մեկը։ Ամեն տարի հազարավոր մարդիկ գերբեռնված նավակներով փորձում են հասնել իսպանական տարածք՝ վտանգելով հայտնվել փոթորիկների, ուժեղ հոսանքների և այլ վտանգավոր պայմանների մեջ։ Աշնանը նման անցումների թիվը սովորաբար աճում է ծովում ավելի բարենպաստ եղանակի շնորհիվ։

Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, տարեսկզբից միգրանտների հոսքը մնում է նախորդ տարվա մակարդակից ցածր։ Իսպանիայի իշխանությունների տվյալներով, հունվարից մինչև հոկտեմբերի 31-ը Կանարյան կղզիներ ժամանածների թիվը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,5%-ով։