Չինական CE-25A էլեկտրական առևտրային ինքնաթիռը, որի առավելագույն թռիչքային զանգվածը 10 տոննա է, առաջին անգամ փորձարկվել է օդաչուների կառավարմամբ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով օդանավը մշակած Չինաստանի առևտրային ինքնաթիռների կորպորացիային (COMAC)։
Փորձնական թռիչքն իրականացվել է Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Բինչժոու քաղաքում։ Ինքնաթիռում եղել են երկու օդաչու և թռիչքային փորձարկումների ինժեները։ COMAC-ի տվյալներով, ինքնաթիռի բոլոր համակարգերն աշխատել են բնականոն ռեժիմով, իսկ դրա բնութագրերը համապատասխանել են մշակողների ակնկալիքներին։
CE-25A-ն նախատեսված է առաջին հերթին միջքաղաքային առևտրային փոխադրումների համար և կարող է տեղավորել 19 ուղևորի։ Դրա կրեյսերային արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ 2400 մետր, իսկ հայտարարված հեռավորությունը՝ 400 կմ։
Ինքնաթիռը համատեղ մշակել են COMAC-ը, մարտկոցներ արտադրող չինական CATL ընկերությունը, Շանհայի Ցզյաո Տուն համալսարանը և այլ գործընկերներ։ CE-25A-ի առաջին անօդաչու թռիչքը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 2-ին։ Այդ ժամանակից օդանավը անօդաչու ռեժիմով 19 փորձնական թռիչք է կատարել։
Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արդեն քննարկում է COMAC-ի՝ տիպի հավաստագիր ստանալու հայտը։ Այդ փաստաթուղթը հաստատում է օդանավի կառուցվածքի համապատասխանությունը անվտանգության սահմանված պահանջներին։





























