Նոյեմբերի 14-ի երեկոյան Սև ծովում՝ Դանուբի դելտայի մերձակայքում, ռումինական Սուլինա նավահանգստի մոտ, երեք առևտրային նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտարարել է Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուն։

Ըստ նրա, միջադեպերի հետևանքով օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի կործանիչները․ պաշտպանության նախարարության ռադիոտեղորոշիչ համակարգերն այդ շրջանում օդային թիրախներ են հայտնաբերել։

Ռումինիայի վարչապետը նշել է, որ իշխանությունները մշտական կապի մեջ են համապատասխան գերատեսչությունների հետ։ Նրա հայտարարել է, որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ նավաստիների անվտանգության ապահովումը։

«Այս միջադեպերն անընդունելի են և միջազգային իրավունքի խախտում են։ Դրանք արտացոլում են անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը, որը պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմով», — ասվում է Նիկուլեսկուի հայտարարության մեջ։

Ռումինիայի ռազմաօդային ուժերը երկու անգամ կործանիչներ են օդ բարձրացրել Դանուբի դելտայի շրջանում օդային թիրախներ հայտնաբերելուց հետո։

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են դաշնակիցների հետ շարունակել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Սև ծովում անվտանգությունն ամրապնդելու համար։

Այս ուղղությունը շարունակում է մնալ Ռումինիայի կառավարության առաջնահերթություններից մեկը․ կառավարությունը մտադիր է սերտորեն համագործակցել տարածաշրջանային գործընկերների և ՆԱՏՕ-ի հետ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նոյեմբերի 15-ի գիշերը ռումինական Սուլինա նավահանգստի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել նավ, որի վրա 14 նավաստի է եղել։

Ըստ այդ տեղեկությունների՝ անձնակազմի անդամներից 13-ը Ադրբեջանի, իսկ մեկը Թուրքիայի քաղաքացի է։