Մոլդովայի հարավում գտնվող ինքնավար տարածաշրջանում՝ Գագաուզիայում, կիրակի՝ նոյեմբերի 15-ին, անցկացվում են ինքնավարության ղեկավարի՝ բաշկանի, և Ժողովրդական ժողովի պատգամավորների ընտրություններ, հայտնում է News Maker-ը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 21:00-ն։

Բաշկանի պաշտոնի համար պայքարում է ութ թեկնածու։ Նրանցից երեքը ներկայացնում են քաղաքական կուսակցություններ․ Ֆյոդոր Գագաուզը՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը, Իվան Կիլչիկը՝ Գագաուզական ժողովրդական կուսակցությունը, իսկ Պյոտր Վլախը՝ «Նոր պատմական ընտրություն» (NOI) կուսակցությունը։

Մյուս հինգը ընտրություններին մասնակցում են որպես անկախ թեկնածուներ՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն, Կորնել Դուդնիկը, Իվաննա Քյոքսալը, Սերգեյ Անաստասովը և Օլեգ Գարիզանը։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50%-ը։

Միաժամանակ Գագաուզիայի բնակիչները միամանդատ ընտրատարածքներով ընտրում են Ժողովրդական ժողովի 35 պատգամավորի։ Ինքնավարության օրենսդիր մարմնում տեղերի համար պայքարում է 132 թեկնածու․ 42-ին առաջադրել են քաղաքական կուսակցությունները, ևս 90-ը ընտրություններին մասնակցում են որպես անկախ թեկնածուներ։

Նոր բաշկանի և Ժողովրդական ժողովի պատգամավորների լիազորությունների ժամկետը կկազմի չորս տարի։