Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այլևս չի կարող աջակցել ֆուտբոլի ազգային հավաքականին՝ նրա խաղացողներին մեղադրելով քաղաքացիական դիրքորոշման բացակայության, իսկ վրացական ֆուտբոլը՝ կոռուպցիայի և քաղաքականացվածության մեջ։
Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ Սաակաշվիլին օրինաչափ է համարել թիմի վերջին անհաջողությունները և նշել, որ հերթական պարտությունը տեղի է ունեցել կիսադատարկ տրիբունաների պայմաններում։
Նրա կարծիքով, Վրաստանն ունի ֆուտբոլիստների ուժեղ սերունդ, սակայն վերջին տարիների արդյունքները պայմանավորված են ֆուտբոլի ոլորտում լայնածավալ կոռուպցիայով և որոշ խաղացողների քաղաքական կողմնակալությամբ։ Մասնավորապես, նախկին նախագահը քննադատել է հավաքականի այն ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների գովազդին և, ինչպես պնդում է Սաակաշվիլին, բաժնեմասեր ստացել նրանց բիզնեսներում։
Նա նաև կշտամբել է խաղացողներին այն բանի համար, որ նրանք չեն բարձրաձայնում երկրում տիրող անարդարության դեմ և քաղաքացիական դիրքորոշում չեն ցուցաբերում։ Սաակաշվիլիի կարծիքով, դրա պատճառով ֆուտբոլիստները կորցրել են երկրպագուների, այդ թվում՝ իր հարգանքը։
Միաժամանակ երկրի նախկին նախագահը հիշեցրել է նախորդ սերունդների վրացի ֆուտբոլիստների մասին, որոնք, ըստ նրա, չէին վախենում բացահայտ արտահայտել իրենց հայացքները։
Նա հիշատակել է Շոթա Արվելաձեին, որն իրեն հյուրընկալել էր Ամստերդամում, երբ Սաակաշվիլին ընդդիմադիր էր Էդուարդ Շևարդնաձեին, ինչպես նաև լեգենդար Ռամազ Շենգելիային և Վլադիմիր Գուցաևին, որոնց հետ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում Թբիլիսիի բակերում երեխաների հետ ֆուտբոլ էր խաղում։
«Ես մնում եմ վրացական ֆուտբոլի երկրպագու, բայց այլևս չեմ կարողանա աջակցել այս թիմին», — գրել է Սաակաշվիլին՝ խոստանալով, որ անարդարությունը կհաղթահարվի, իսկ վրացական ֆուտբոլի փառքը կվերականգնվի։





























