ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել լրացուցիչ միջոցներ հատկացնել օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացմանը՝ հայտարարելով, որ գործող ենթակառուցվածքը մոտ 50 տարով հնացած է։ Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ-ում օդային երթևեկության լայնածավալ խափանումը։

«Եթե Կոնգրեսը հաստատի օդային երթևեկության կառավարման համակարգի համար խիստ անհրաժեշտ միջոցների հատկացումը, մենք կկարողանանք արագ և արդյունավետ կառուցել այն։ Դա կլինի աշխարհի ԼԱՎԱԳՈՒՅՆ համակարգը։ Օդային երթևեկության կառավարման մեր ներկայիս համակարգի զգալի մասը 50 տարով հնացած է. սա ԾԻԾԱՂԵԼԻ Է» — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նախագահը նշել է, որ արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն նա կարծում է, որ դրանք պետք է իրականացվեն համալիր կերպով, այլ ոչ թե աստիճանաբար։ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել հաստատել ֆինանսավորումը և նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է նախագիծը մի քանի տարով հետ գցելու մեջ։

Ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կապի համակարգի խնդիրների պատճառով ավելի քան չորս ժամով դադարեցրել է օդային երթևեկությունն ամբողջ երկրում։ Դա հանգեցրել է չվերթների զանգվածային ուշացումների և չեղարկումների։ Շաբաթ օրը չեղարկված չվերթների թիվը շարունակում էր աճել, քանի որ ինքնաթիռներն ու անձնակազմերը հայտնվել էին ոչ այն օդանավակայաններում, որտեղից պետք է իրականացնեին հաջորդ չվերթները։ Չվացուցակի վերականգնումը կարող էր մի քանի օր տևել։

FAA-ի ղեկավար Բրայան Բեդֆորդը հայտարարել է, որ գերատեսչությունը կիբեռհարձակման կամ արհեստական բանականության հետ միջադեպի կապի նշաններ չի հայտնաբերել։

Ավելի ուշ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին  ամերիկյան ավիացիայի աշխատանքում լայնածավալ խափանման պատասխանատվությունը դրել է կապալառու L3Harris ընկերության վրա, որը FAA-ի հեռավոր օբյեկտներից մեկում պղնձե լարերը օպտիկամանրաթելային մալուխներով փոխարինելու պլանային աշխատանքներ էր իրականացնում։

Դաֆին նաև Կոնգրեսին կոչ է արել 50 մլրդ դոլար հատկացնել ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացմանը՝ զգուշացնելով, որ առանց հնացած ենթակառուցվածքի թարմացման նման խափանումները կարող են կրկնվել։