Դանիայի ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել Կոպենհագենից հյուսիս գտնվող՝ Pokémon հավաքածուային քարտերի խանութի կողոպուտից հետո, հայտնում է dpa-ն։

Հանցագործները հափշտակել են ավելի քան 130 հազար եվրո (143 հազար դոլար) արժողությամբ հավաքածուայի քարտեր։

Ոստիկանության տվյալներով, կիրակի օրը դիմակավորված հինգ տղամարդ ներխուժել են Լյունգբյու քաղաքի առևտրի կենտրոնում գտնվող խանութը։ Նրանք ատրճանակի նմանվող առարկայով սպառնացել են աշխատակցին, կոտրել ցուցափեղկերն ու հափշտակել հազվագյուտ քարտեր։ Կողոպուտից հետո կասկածյալները հեռացել են ավտոմեքենայով։

Իրավապահները որոնում են հինգ տղամարդկանց և լայնածավալ քննչական գործողություններ իրականացնում։

Pokémon հավաքածուային քարտերը ստեղծվել են համանուն տեսախաղերի շարքի հիման վրա, որտեղ խաղացողները որսում և մարզում են ֆանտաստիկ էակների։ Դրանք վաղուց կայուն պահանջարկ են վայելում հավաքորդների շրջանում. հազվագյուտ և մեծ ժողովրդականություն վայելող նմուշները վաճառվում են խոշոր գումարներով։