Մոտ 600 ոչխար է անցել գերմանական Նյուրնբերգի փողոցներով՝ երկրի արևմուտքում գտնվող ձմեռային արոտավայրեր գնալու ճանապարհին, հայտնում է DW-ն։
Անսովոր երթին հետևել են բազմաթիվ հանդիսատեսներ։
Հոտը հաղթահարել է մոտ 10 կիլոմետր երկարությամբ երթուղի, որն անցնում էր քաղաքի մի քանի փողոցներով և շուկայի հրապարակով։ Ոչխարներին ուղեկցել են հովիվները, այդ թվում՝ Թիմ Գակշտատերը։

Ամենամյա այս տեղաշարժի նպատակն է ուշադրություն հրավիրել ոչխարներին մի արոտավայրից մյուսը սեզոնային տեղափոխելու ավանդույթի, ինչպես նաև բնական լանդշաֆտների պահպանման գործում այս կենդանիների դերի վրա։
Նյուրնբերգի իշխանությունները նշում են, որ ոչխարների ամառային արածեցումը նպաստում է քաղաքային ագլոմերացիայի բազմաթիվ կարևոր բնական գոտիներում կենսաբազմազանության բարձր մակարդակի պահպանմանը։




























