USS Theodore Roosevelt ատոմային ավիակիրը մտել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնական ներկայացուցչին։
Դրա ժամանումից հետո Իրանից հարավ-արևելք այժմ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ավիակրային հարվածային խումբ։
Ինչպես նշում է Axios-ը, սա վկայում է ԱՄՆ ռազմածովային ներկայության անսովոր բարձր մակարդակի մասին՝ Իրանի հետ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։
Ժամանած երրորդ խմբի կազմում, բացի ավիակրից, ընդգրկված են USS Chosin հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ USS Paul Hamilton-ը և USS Decatur-ը, ինչպես նաև Seahawk միջին անօդաչու նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, վերջրյա և ստորջրյա իրադրության դիտարկման ու վաղ նախազգուշացման առաջադրանքների կատարման համար։
Արաբական ծովի շրջանում՝ Իրանից հարավ-արևելք, ներկայում մարտական հերթապահություն են իրականացնում USS George Washington և USS George Bush ավիակիրները։ Դրանցից յուրաքանչյուրի վրա բազավորված է 48 կործանիչ։ Դրանց հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հածանավ և 11 հրթիռային էսկադրային ականակիր, ինչպես նաև USS Miguel Keith ծովային արշավախմբային բազան։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում է Կարմիր ծովում, ևս չորսը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալներով՝ ենթադրվում է, որ US Theodore Roosevelt-ը կփոխարինի USS George Washington ավիակրին, որը Մերձավոր Արևելքում է օգոստոսի 19-ից։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ը որոշ ժամանակ կպահպանի տարածաշրջանում երեք ավիակրային խմբերի միաժամանակյա ներկայությունը։





























