Խաչատուրյան քույրերի փաստաբանները ձգտում են հասնել հոր սպանության գործով քույրերի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը։ Այս մասին հայտնել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Մարի Դավթյանը։
«Պաշտպանական կողմը համոզված է, որ անհրաժեշտ է արդարացնող հիմքով քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել․ մեղադրանքի տեսանկյունից գործը դատական հեռանկար չունի», — ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Դավթյանը։
Փաստաբան Յարոսլավ Պակուլինի բողոքի կրկնակի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ Մոսկվայի Բասմանյան դատարանում։ Նիստը կանցկացվի դատարանի այլ կազմով։ Փաստաբանի խոսքով՝ նիստում մտադիր են նաև բարձրացնել քննության ձգձգման և գործող խափանման միջոցի անհիմն լինելու հարցերը։
Պաշտպանական կողմը պնդում է, որ անհրաժեշտ է որոշում ընդունել քույրերի հետագա դատավարական կարգավիճակի վերաբերյալ։ Այն նաև խնդրում է աղջիկներին թույլատրել շփվել միմյանց հետ։
2018 թվականի հուլիսին երեք քույրերը Մոսկվայի Ալտուֆևյան խճուղում գտնվող բնակարանում դանակահարելով սպանել են իրենց հորը։ Սպանության պատճառը տղամարդու կողմից աղջիկների նկատմամբ պարբերաբար գործադրվող բռնությունն էր։ Նրա երեք դուստրերը կալանավորվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին։ 2019 թվականի հունիսի կեսերին նրանց վերջնական մեղադրանք է առաջադրվել։ Սակայն 2021 թվականի մարտին Խաչատուրյան քույրերը պաշտոնապես տուժող են ճանաչվել իրենց հոր կողմից բռնության և ծեծի ենթարկվելու գործով։
Այնուհետև՝ 2022 թվականի մայիսին, քննությունն ավարտվել է, իսկ գործարար Խաչատուրյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է՝ կապված նրա կողմից իր դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու փաստի հետ։ 2025 թվականի ապրիլի 21-ին Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման մեջ։
Սեպտեմբերի 15-ին Պակուլինը հայտնել է, որ Մոսկվայի դատարանը մերժել է քույրերի խափանման միջոցը մեղմելու միջնորդությունը։ Նրանց արգելված է շփվել միմյանց, ինչպես նաև քրեական գործով անցնող այլ անձանց հետ։ Պաշտպանական կողմը քննիչին խնդրել էր վերացնել գործող սահմանափակումները, սակայն մերժում էր ստացել, ինչից հետո փաստաբանները դիմել էին դատարան։





























