ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը 2028 թվականի նախագահական ընտրություններում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Վենսը մինչև Նոր տարի վերջնական որոշում չի կայացնի՝ արդյոք առաջադրվելու է նախագահի պաշտոնում 2028 թվականին, և կարող է սպասել մինչև գարնան վերջը՝ իր մտադրությունների մասին հրապարակավ հայտարարելու համար։

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Վենսը դեռ ընտանիքի հետ քննարկում է իր թեկնածության հնարավոր առաջադրումը։

Վենսի դաշնակիցներն ասում են, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների արդյունքները չեն ազդել նրա հեղինակության վրա։

Փոխնախագահի մերձավոր քաղաքական խորհրդականները կարծում են, որ նա պետք է առաջադրվի 2028 թվականին և, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կվարվի։

Մինչ այդ Axios-ը հայտնում է, որ մի շարք այլ հանրապետականներ նույնպես դիտարկում են իրենց թեկնածություններն առաջադրելու հնարավորությունը։

Այսպես, ինչպես նշում է պարբերականը, սենատոր Թեդ Քրուզի թիմը խորհրդակցություն է անցկացրել նրա հնարավոր առաջադրման շուրջ։

Որոշ հանրապետականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դիտարկում են որպես Վենսի համար հնարավոր ավելի ուժեղ մրցակից։

Հանրապետականների մյուս հավանական թեկնածուների թվում են Վիրջինիայի նախկին նահանգապետ Գլեն Յանգքինը, Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։

Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս Վենսին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել են 2028 թվականի ընտրություններում հանրապետականների կողմից նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներ։ Այս տարվա մայիսին Թրամփը Վենսի և Ռուբիոյի տանդեմն անվանել էր իդեալական թիմ, իսկ նրանց՝ ընտրություններում Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուներ, սակայն նոյեմբերին նշել էր, որ դեռ չի քննարկել ընտրություններն իր խորհրդականների հետ։