«Գվադալախարա» կարտելի հիմնադիրներից և ԱՄՆ կոկաինի մաքսանենգ մատակարարումների նախաձեռնողներից մեկը՝ «Բոսերի բոս» մականունով հայտնի Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, մահացել է Մեքսիկայում՝ 80 տարեկանում։ Այս մասին հայտնել է El Universal թերթը՝ հղում անելով Խալիսկո նահանգի անվտանգության նախարարությանը։

Նոյեմբերի 13-ին առողջական խնդիրների պատճառով կալանավորին խիստ ռեժիմի «Պուենտե Գրանդե» բանտից շտապ տեղափոխել են Գվադալախարայի մասնավոր կլինիկաներից մեկը։ Հիվանդանոցի հսկողությունն ուժեղացվել է։ Ինչպես հստակեցրել է բուժանձնակազմը, մահը վրա է հասել նոյեմբերի 15-ին՝ բազմաօրգանային անբավարարության հետևանքով։

Նահանգային կառավարությունում պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ «Գվադալախարա» կարտելի նախկին պարագլուխը տառապում էր բազմաթիվ հիվանդություններով։ 2022 թվականից նա դաշնային իշխանություններին խնդրում էր իրեն տնային կալանքի տեղափոխել Սապոպան համայնքում գտնվող առանձնատուն՝ 37 և 40 տարվա պատժաչափերի մնացած մասը կրելու համար։ Միջնորդությունը բավարարվել էր, սակայն տեղափոխումն այդպես էլ չէր կայացել՝ համապատասխան էլեկտրոնային հսկողության սարքի բացակայության պատճառով։

1980-ականներին Ֆելիքս Գալյարդոն վերահսկում էր Մեքսիկայից Միացյալ Նահանգներ թմրանյութերի բոլոր ապօրինի մատակարարումները։ Նա նաև 1985 թվականին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Կամարենայի և մեքսիկացի օդաչու Ալֆրեդո Սավալայի սպանության պատվիրատուն էր։ Թմրաբարոնին ձերբակալել են 1989 թվականի ապրիլին, իսկ դատավճիռը կայացվել է 2017 թվականին։