Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ակնկալում է Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջիկա չորրորդ ժամկետի ընթացքում։ Այս մասին հայտնել է Estadão թերթը։
Լուլա դա Սիլվան հետևողականորեն հանդես է գալիս սովի և աղքատության դեմ պայքարում միջազգային ջանքերը միավորելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության և անտառների պահպանության խնդիրները լուծելու օգտին։ Բացի այդ, նա բազմիցս կոչ է արել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով և առաջարկել է իր միջնորդությունը։
Ինչպես նշում է պարբերականը, այդ նպատակին հասնելու համար Բրազիլիայի առաջնորդը կհենվի հարավամերիկյան հանրապետության արտաքին գործերի գործող նախարար Մաուրու Վիեյրայի դիվանագիտական փորձի և հեղինակության վրա։ Ընդ որում, Վիեյրան մնում է նոր կառավարությունում ԱԳՆ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն՝ օգնելու իրականացնել նախագահի «վաղեմի երազանքը»։ Սպասվում է, որ հոկտեմբերին վերընտրված պետության ղեկավարը նոր կառավարության ձևավորմամբ կզբաղվի Իսպանիայից վերադառնալուց հետո, ուր այցով կմեկնի նոյեմբերի 16-ին։
Թերթը հավելել է, որ նախարարը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր պաշտոնը՝ չնայած իշխող Աշխատավորների կուսակցության և միջազգային հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Սելսու Ամորիմի գործադրած լուրջ ներկառավարական ճնշմանը։ Ամորիմն այդ պաշտոնում առաջ է մղում սեփական թեկնածուին, որի անունը չի նշվում։
Լուլա դա Սիլվան պարտության է մատնել աջ ընդդիմության թեկնածու, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուին, որը ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո փախել է ԱՄՆ։ Միաժամանակ դեկտեմբերին Ֆլորիդա նահանգում կանցկացվի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որի շրջանակում, ինչպես ակնկալում են Բրազիլիայի կառավարությունում, նախագահը երկկողմ հանդիպում կունենա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։





























