Ավստրալիայի Փերթ քաղաքի Լենգլի զբոսայգու աշխատակիցները այցելուներին մոռացել են պտտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա։ Վերջիններս ստիպված են եղել զանգահարել արտակարգ ծառայություններին, հայտնել է 9News հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ Լենգլի զբոսայգու SkyVista Observation Wheel ատրակցիոնում։ Օպերատորը հեռացել է, իսկ պտտանիվի լուսավորությունն անջատել են։ Երկու ուղևորները մթության մեջ մնացել են ատրակցիոնի ամենաբարձր կետում՝ դեռևս մինչև դրա պաշտոնական փակման ժամը։
«Նրանք վճարել են ատրակցիոնից օգտվելու համար։ Նրանք տեսել են, թե ինչպես է օպերատորը հեռացել տարածքից, և այդ պահից ի վեր մնում են այնտեղ»,– ասվում է արտակարգ ծառայությունների խոսակցության ձայնագրության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը։
Այցելուները փորձել են բջջային հեռախոսի լապտերով գրավել անցորդների ուշադրությունը, իսկ երբ դա չի հաջողվել, զանգահարել են արտակարգ օգնության համարով։
Ի վերջո, մոտ երկու ժամ անց ատրակցիոնի աշխատակիցները վերադարձել են և ուղևորներին իջեցրել գետնին։
Պտտանիվի սեփականատերերը 9News-ին հայտնել են, որ խորապես ափսոսում են կատարվածի համար և ներքին քննություն են սկսել՝ նման միջադեպերը կանխելու նպատակով։




























