Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշել են նախապես չհամաձայնեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման օրակարգը, հայտնում է Financial Times (FT) թերթը։ Պարբերականի գնահատմամբ՝ սա անսովոր քայլ է Պեկինի համար, որը սովորաբար պնդում է, որ օտարերկրյա առաջնորդների հետ բանակցություններն ընթանան խիստ սահմանված սցենարով։
«Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշել են հրաժարվել համաձայնեցված օրակարգից, ինչն անսովոր քայլ է հյուրընկալող կողմի՝ Սի Ծինփինի համար, որը սովորաբար պնդում է, որ օտարերկրյա առաջնորդների հետ բանակցություններն ընթանան խիստ սահմանված սցենարով», — ասվում է հրապարակման մեջ։
Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Ակնկալվում է, որ Թրամփը կբարձրացնի միջուկային սպառազինությունների վերահսկման և դրանց տարածման հարցերը։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմը չի ակնկալում հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, այլ ցանկանում է սկսել այս թեմաների քննարկումը երեք խոշորագույն միջուկային տերությունների մասնակցությամբ։
Ինչպես նշում է FT-ն, Պեկինն ի սկզբանե զգուշավորությամբ էր վերաբերվում եռակողմ հանդիպման գաղափարին՝ մասնակիցների հնարավոր անկանխատեսելիության պատճառով։ Սակայն Վաշինգտոնի և Մոսկվայի հետ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո համաձայնել է հանդիպման անցկացմանը։





























