Հայ համայնքի վիճակը Սիրիայում գնալով ավելի մտագոհիչ է դառնում, թեեւ մինչ այժմ համայնքը «լավ վիճակում էր»: Այդ մասին NEWS.am-ին ասաց Սիրիայի հայ համանքի ներկայացուցիչ Կաբրիել Ղենբերջին, ով նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, եւ Երեւանում մասնակցեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստի աշխատանքներին:
Նրա տեղեկացմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 20-25 օր առաջ նույնպես ցանկացել է իմանալ, թե արդյոք հայերի արտահոսք կա՞: Այդ նպատակով Կ. Ղենբերջին հաշվառել է դպրոցներից բացակայող երեխաների թիվը: Պարզվել է, որ 35 աշակերտ է բացակայում` նրանց ընտանիքները տեղափոխվել են կամ Լիբանան, կամ Հայաստան, կամ այլ երկրներ (հիմնականում~ ԱՄՆ ու Ֆրանսիա): Հետեւաբար, Կ. Ղենբերջիի հաշվարկով, Սիրիայից արտագաղթել է մոտ 15-20 ընտանիք:
Նրա տեղեկացմամբ` միայն Հալեպում կա 8500 աշակերտ, իսկ Սիրիայում ընդհանուր առմամբ 11.2 հազ.: Հարցին, թե ի՞նչ կորուստներ է կրել սիրիահայ համայնքը, Կ. Ղեմբերջին պատասխանեց, որ 2 դեպք է արձանագրվել. մի զինվոր ու մի կին են մահացել: Իսկ օրերս էլ Սիրիայի բանակում հայ զինվոր է սպանվել:




























