Հակառակ քաղաքապետարանի պնդումներին՝ Երևանում երթևեկության կազմակերպումը շարունակում է անմխիթար մնալ։ Թերի կահավորված անցումներ, բացակայող գծանշումներ, իրար հակասող ճանապարհային նշաններ․ համբերատար երևանցիներն այս ամենին վաղուց են վարժվել։
Սակայն քաղաքային իշխանությունների «դանդաղկոտությունը» երբեմն հասնում է վտանգավոր անփութության։ Բաց լարերով լուսացույցի այս լուսանկարն արվել է շաբաթ երեկոյան, իսկ երկուշաբթի առավոտվա դրությամբ պատկերը չէր փոխվել։
Խոսքն Անդրանիկի փողոցում տեղադրված՝ հետիոտների կողմից կառավարվող լուսացույցի մասին է։ Կանչի կոճակը պարբերաբար անհետանում է, և իրավապահները վաղուց պետք է պարզած լինեին, թե ում «ջանքերով» է դա տեղի ունենում։ Առավել ևս, որ հարակից տարածքում բանկեր ու խանութներ կան, հետևաբար՝ նաև տեսախցիկներ։ Սակայն հանրային գույքը վնասողներին հայտնաբերելու և նման դեպքերը կանխելու փոխարեն՝ լուսացույցի պատասխանատուներն ամեն անգամ նոր հնարամտություն են ցուցաբերում՝ տեղադրելով այդ նպատակի համար չնախատեսված կոճակներ։ Բանը հասել է նրան, որ անցորդները սկսել են գուշակել, թե հերթական անհետացումից հետո ինչ կոճակ է հայտնվելու։ Վերջինը սովորական դռան զանգի կոճակ էր։ Երբեմն էլ տեղադրված կոճակներն ընդհանրապես չեն աշխատում։
Շաբաթ օրը կոճակը կրկին անհետացել է՝ բաց թողնելով լարերը։ Փաստորեն, հետիոտների համար լուսացույցը գործարկելու անվտանգ միջոց չի ապահովվել։ Բաց լարերը հասանելի են անցորդներին, իսկ անձրևն ավելի է սրում անվտանգության խնդիրը․ երեկոյան անձրև էր տեղում, և օրվա ընթացքում նույնպես տեղումներ են սպասվում։ Բազմամարդ վայրում նման վիճակն անթույլատրելի է և պահանջում է անհապաղ միջամտություն։ Նման «նորարարություն» Երևանը դեռ չէր տեսել ու, հուսանք, այլևս չի տեսնի։



























