Առաջին հարցը, որ մենք պետք է քննարկենք, Երևան քաղաքում երթևեկող ավտոմեքենաների քանակային սահմանափակումն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք ունենք մի քանի շերտանի տարատեսակ խնդիրներ, խնդիր համար առաջին. Երևանում մարդատար ավտոմեքենաների քանակը էքսպոնենցիալ աճում է տարին տարվա վրա, չկան սահմանափակումներ։ Չկա սահմանափակում հին տարեթվի ավտոմեքենաների համար, չկան սահմանափակումներ ավտոմեքենաների համար որոնց արտանետումները վախենալու աստիճանի են, որոնց արտադրած NO2-ի քանակը ուղղակիորեն մեր և մեր երեխաների առողջության վտանգ է։
Եթե մեզ ասեն՝ էլի սահմանափակումների մասին եք խոսում, ես ուզում եմ պնդել, որ այսօր մենք ապրում ենք սահմանափակումների պայմաններում, որովհետև այս քանակի ավտոմեքենաները արդեն իսկ բոլորիս սահմանափակել են, և ամենավատը, որ սահմանափակել են հանրային տրանսպորտը, որովհետև հանրային տրանսպորտը չի աշխատում վատ այն պատճառով, որ ավտոբուսները կամ տրոլեյբուսները քիչ են, տրանսպորտը ունի խնդիրներ այն ժամերին, երբ մարդատար ավտոմեքենաների քանակով մենք ահռելի ծածկույթ ենք ապահովում և պիկ ժամերին մեր հանրային տրանսպորտը չի կարողանում հասնել կանգառ։ Այդ իսկ պատճառով կանգառում ունենում ենք հերթեր։
Երկրորդը, ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է և այստեղ մենք մեծ անելիքներ ունենք։ Երևի որևէ մի քաղաքակիրթ քաղաք, մենք չենք տեսնի, որտեղ որ կա տուգանք ինչ-որ բանի համար, և բոլորը այդ խախտումը կարող է իրականացնել՝ երկրորդ գիծ կանգնել, խաչմերուկը փակել և այլն։ Մի 50 ավտոմեքենան քաղաքը կարող են կոլապսի ենթարկել, 300 հազար ավտոմեքենա կարող են կոլապսի ենթարկել։ Մեր փնթի վարելու մշակույթը այլևս անհանդուրժելի է, հիմա ամեն մի խախտումը ունի շատ ավելի մեծ էֆեկտ, քան ուներ 10 տարի առաջ, երբ ավտոմեքենաների քանակը նվազ էր»,–ասաց Ավինյանը։




























