Պետք է Երևան քաղաքը տարբեր գոտիների բաժանել, նաև ավտոբուսային գծերն առանձնացնել. Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եթե դու բնակվում ես Նոր Նորքում և որոշումես, որ դպրոցը լավն է Մալաթիա-Սեբաստիայում, արդյո՞ք պետությունը քեզ էդ հնարավորությունը պետք է տա։ Ես կարծում եմ ոչ, որովհետև երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարա հասնի։ Սա շատ կարևոր պայման է։ Շատ երկրներ, այդ տարբեր թաղամասերի բնակարանների գները նաև որոշում է այդտեղի դպրոցի որակով։ Իհարկե, պետք է ստանդարտի բերվեն բոլոր դպրոցները, նույն որակն ունենանք, բայց մենք մեզ այլևս չենք կարող թույլ տալ այն հնարավորությունները, որոնք տվել ենք նախկինում։ Մեր երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ որ մենք ապրում ենք, կամ միգուցե, այնտեղ, որտեղ մեր աշխատանքի վայրն է։ Սա էլ պետք է դրվի հանրային քննարկման»,– հայտարարեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ ոչ միայն մարզերում ենթակառուցվածքների վրա, այլև աշխատատեղերի վրա. «Եթե Երևան քաղաքում է շարունակվում աշխատատեղեր բացվել և միմիայն Երևան քաղաքում է բացվում մեծ ծավալով և մեծ ինտենսիվությամբ, ավտոմատ կերպով այդ ամբողջ շարժը տեղափոխվում է Երևան»,– նկատեց նա։