Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր՝ Հայաստանում «Ժառանգության նորովի բացահայտում՝ իմերսիվ պատմությունների միջոցով. թանգարանները՝ հանուն կայուն զարգացման» ծրագրի իրականացման նպատակով։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախաձեռնության նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ վերաիմաստավորել թանգարանային այցելությունները՝ հայկական գրական ժառանգությունը համադրելով բնապահպանական կրթության և կայուն զարգացման գաղափարների հետ։ Ծրագրում ընդգրկված են Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանները և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան մասնաճյուղը, որոնց հավաքածուների, գրական երկերի ու կենսագրական դրվագների հիման վրա կստեղծվեն լրացված իրականության (AR) ինտերակտիվ պատմություններ:

Այս տեխնոլոգիան թույլ կտա իրական ցուցադրությունները համալրել թվային բովանդակությամբ՝ այցելուներին հնարավորություն տալով առավել խորությամբ բացահայտել ցուցանմուշների պատմությունը։ Նախաձեռնության առանցքում մարդու և բնության փոխհարաբերությունն է, ինչն արտացոլված է հայ գրողների կյանքում ու ստեղծագործություններում և կծառայի որպես հարթակ ժամանակակից բնապահպանական մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և շրջակա միջավայրի պահպանությունը բարձրաձայնելու համար։

Ծրագիրն ուղղված է տարբեր տարիքային խմբերին՝ հատկապես երիտասարդներին, և միտված է քննադատական մտածողության խթանմանն ու բնության ու մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է նաև նիդերլանդացի փորձագետների ներգրավմամբ թանգարանային աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը, ինչի արդյունքում ստեղծված AR փորձառությունները կներդրվեն մասնակից թանգարաններում և կուղեկցվեն հանրային կրթական միջոցառումներով՝ ամրապնդելով թանգարանների դերը՝ որպես ժամանակակից կրթության, երկխոսության և հանրային ակտիվ ներգրավման ժամանակակից հարթակների։