Այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասի երեք երկրները չեն կարողանում ընդհանուր մոտեցում գտնել տարածաշրջանային արժեքների նկատմամբ, աշխարհաքաղաքական առումով, ցավոք, Հարավային Կովկասը կապրի մասնատված:

Այդ մասին DELFI-ին տված հարցազրույցում նշել է Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը` պատասխանելով տարածաշրջանային անվտանգության մասին հարցին: Ի տարբերություն Բալթիական տարածաշրջանի,  Հարավային Կովկասն այսօր այդ երեք երկրների զուտ աշխարհագրական միավորում է, նշել է նա:

«Տարածաշրջանը միշտ գերտերությունների միջեւ մրցակցության թատերաբեմ է: Այսօր  Հարավային Կովկասը կրկին գրավում է հզոր խաղացողների ուշադրությունը: Բնականաբար, տարածաշրջանի ուժը կլինի տարածաշրջանային համագործակցության, ընդհանուր շահեր, նպատակներ գտնելու  մեջ: Այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրները հրաժարվում են տարածաշրջանային համագործակցությունից, տարածաշրջանը կգտնվի արտաքին գործոնների ազդեցության տակ», - նշել է դեսպանը: