Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit) հետո կառուցված սահմանային հսկիչ կետերը կարող են ապամոնտաժվել Բրյուսելի և Լոնդոնի հարաբերությունների հնարավոր վերանայման արդյունքում։ Այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կարող են վերջնականապես հաստատել ներմուծվող ապրանքների սահմանային ստուգումները չեղարկելու մասին համաձայնագիրը։ Դա հնարավորություն կտա Լա Մանշով կրկին ներկրել առաջին անհրաժեշտության այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուն, միսն ու կարագը՝ առանց անասնաբուժական վկայականներ ձևակերպելու կամ ծախսատար ստուգումներ անցնելու անհրաժեշտության։
Սահմանային հսկիչ կետերի օպերատորների խոսքով՝ այդ դեպքում ենթակառուցվածքներն այլևս պետք չեն լինի։ Պորտսմութի նավահանգստի տնօրեն Մայք Սելլերսը հայտարարել է, որ շինությունը «ստիպված կլինեն կամ վերապրոֆիլավորել, կամ էլ պարզապես քանդել ու ազատել տարածքը»։
Բրիտանական նավահանգիստների ասոցիացիայի հաշվարկներով՝ Brexit-ից հետո սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման համար օպերատորները ծախսել են շուրջ 125 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ մոտ 165 միլիոն դոլար։ Սակայն պարենամթերքի գնաճի վերաբերյալ իշխանությունների մտավախությունների պատճառով այդ կետերը գրեթե չեն գործել․ ստուգվել է ԵՄ-ից եկող բեռների միայն 1–2%-ը։ Այժմ նավահանգիստները պետությունից փոխհատուցում են պահանջում։
ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն Մեծ Բրիտանիայում անցկացվել է 2016 թվականի հունիսի 23-ին։ Միությանն անդամակցությունը դադարեցնելու օգտին քվեարկել է մասնակիցների 51,9%-ը, դեմ՝ 48,1%-ը։ Տարիներ տևած բանակցություններից հետո՝ 2020 թվականի փետրվարի 1-ի գիշերը, Միացյալ Թագավորությունը լքել է ԵՄ-ն։ 2021 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Brexit-ից հետո սահմանված անցումային շրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայում դեռևս գործում էին եվրոպական բոլոր նորմերը։
2020 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնագիր են կնքել հետբրեքսիթյան հարաբերությունների վերաբերյալ։ Այն նախատեսում է առանց քվոտաների և մաքսատուրքերի ապրանքաշրջանառություն, ինչպես նաև կարգավորում է ծառայությունների առևտուրը։ Բրիտանացիներն ու ԵՄ քաղաքացիները նաև հնարավորություն ունեն միմյանց տարածք այցելել առանց վիզայի՝ մինչև 90 օրով։





























