Կիրակի օրը հորդառատ անձրևների հետևանքով Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գալիսիա ինքնավար համայնքում շուրջ 20 սողանք է գրանցվել։ Ինչպես հայտնում է La Voz de Galicia թերթը, տարածաշրջանում մի քանի ճանապարհ է փակվել։
Մասնավորապես, Վիլամարդին դե Վալդեոռաս համայնքում կամուրջ է փլուզվել, իսկ Կիրոգա համայնքում հողից ու քարերից բաղկացած սողանքային զանգվածը փակել է երկաթուղային գծերը։ Բազմաթիվ բնակավայրերի փողոցները շարունակում են ջրածածկ մնալ։ Տուժածների մասին առայժմ հաղորդումներ չկան։
Անցյալ շաբաթ Իսպանիայի պետական օդերևութաբանական AEMET գործակալությունը երկրի գրեթե ողջ տարածքում տեղատարափ անձրևների և փոթորկային քամու պատճառով եղանակային վտանգի մասին նախազգուշացում էր տարածել։





























