Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզն, իր թեկնածությունն է դրել երկրի վերջին 10 տարվա ընթացքում առաջին նախագահական ընտրություններում։ Այս մասին են վկայում Հայիթիի ժամանակավոր ընտրական խորհրդի (ԺԸԽ) հրապարակած տվյալները։
Մոիզը գրանցված 33 թեկնածուների շարքում ընդգրկված երեք կանանցից մեկն է։ Թեկնածուների ցանկում են նաև Հայիթիի նախկին նախագահներ Միշել Մարտելին (2011-2016 թթ.) և Ժոսելերմ Պրիվերը (ժամանակավոր նախագահ՝ 2016-2017 թթ.), ինչպես նաև նախագահ Մոիզի օրոք վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։
Հոկտեմբերին Ժամանակավոր ընտրական խորհուրդը որոշում էր կայացրել նախագահական ընտրությունները, որոնք նախապես նշանակված էին 2026 թվականի դեկտեմբերի 13-ին, հետաձգել մինչև 2027 թվականի հուլիսի 18-ը։ Չնայած այն հանգամանքին, որ Հայիթիի պետության գլուխը նախագահն է, այս պաշտոնը 2021 թվականից ի վեր թափուր է մնում։ Երկիրը ղեկավարում է անցումային շրջանի նախագահական խորհուրդը, որի գլխավոր խնդիրը համապետական ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների նախապատրաստումն է։
2021 թվականի հուլիսի 7-ին իր նստավայրի վրա կատարված զինված հարձակման ժամանակ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել. հրազենային վնասվածքներ էր ստացել նաև նախագահի կինը։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ հանցավոր խմբի կազմում եղել է Կոլումբիայի 26 քաղաքացի, որոնց մի մասը կալանավորվել է։ Սպանության գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 40 մարդ։





























