61-ամյա կոլումբիացի խոհարար Օսկար Ռոսասը պնդում է, որ ավելի քան երեք տարի գերության մեջ է անցկացրել Բոգոտայի ամենադաժան հանցավոր խմբավորումներից մեկի մոտ։ Նրա խոսքով՝ իրեն ստիպել են մարդկային մնացորդներից կերակուրներ պատրաստել թմրավաճառների, զինված խմբավորումների անդամների և օտարերկրացի հանցագործների համար, որոնք ժամանում էին մասնակցելու գաղտնի ստորգետնյա խնջույքներին։
Այսօր Ռոսասն ապրում է Բուկարամանգա քաղաքում, արդեն 11 տարի է՝ թմրանյութ չի օգտագործում և ղեկավարում է կախվածություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնը։ Սակայն կոլումբիական Էլ Բրոնքսի հետնախորշերում ապրած մղձավանջը մինչ օրս ծանր հուշ է մնում նրա համար, գրում է Daily Mail-ը։
Ժամանակին նրա կյանքը բոլորովին այլ հունով էր ընթանում։ Ռոսասը խոհարարական կրթություն էր ստացել Նյու Յորքում, իսկ երեսունն անց հասակում իր ժամանակի մեծ մասն անցկացրել էր Եվրոպայում՝ աշխատելով հեղինակավոր ռեստորաններում։ Սակայն հերոինից կախվածությունը կործանեց նրա կարիերան։ Մնալով առանց միջոցների ու հեռանկարի՝ նա վերադարձավ Կոլումբիա և հայտնվեց Բոգոտայի ամենավտանգավոր թաղամասերից մեկի՝ Էլ Բրոնքսի փողոցներում, որտեղ այդ տարիներին ծաղկում էին թմրավաճառությունը, մարմնավաճառությունն ու զինված հանցավոր խմբավորումների գործունեությունը։
Տղամարդու խոսքով՝ հենց այնտեղ էլ իրեն նկատել են Los Sayayines ավազակախմբի անդամները, որոնք վերահսկում էին թաղամասն ու տեղի ուժային կառույցի դեր կատարում։
Ընթրիքի դիմաց թմրանյութ խոստացան, բայց ետնախորշից այլևս ելք չկար
Մի օր խմբավորման անդամները Ռոսասին առաջարկեցին ընթրիք պատրաստել ազդեցիկ հյուրերի համար՝ որպես վարձատրություն խոստանալով հերոին և կրեկ։ Ծանր կախվածության պատճառով նա համաձայնեց՝ չկասկածելով անգամ, թե ինչով է ավարտվելու այդ աշխատանքը։
Խնջույքը պետք է կայանար թաղամասի լքված շենքերը միմյանց կապող ստորգետնյա թունելներում։ Խոհարարին հայտնել էին, որ հյուրերի թվում լինելու են տարբեր երկրների հանցավոր աշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Նրանք արծաթե սպասք ունեին, ընտիր գինի և շամպայն։ Ասացին, որ հյուրեր են բերելու աշխարհի տարբեր ծայրերից։ Ես պատասխանեցի, որ կպատրաստեմ այն ամենը, ինչ կցանկանան, իսկ նրանք խոստացան վճարել հերոինով», — վերհիշում է Ռոսասը։
Սակայն, իջնելով գետնի տակ, նա հասկացավ, որ թակարդն է ընկել։ Նրա խոսքով՝ իրեն դիմավորեց սատկած հավը ձեռքին մի կին. վերջինս թռչնի արյունը քսեց նրա վրա և խխունջներ նետեց նրա ուղղությամբ։ Ապա ավազակախմբի անդամներից մեկը բռունցքներով հարձակվեց նրա վրա ու հայտարարեց, որ նա այլևս այնտեղից դուրս չի գալու։
Ռոսասին հրամայեցին մասնակցել սատանայական ծիսակարգի՝ հրաժարվելու դեպքում սպառնալով սպանել։
Շուտով ստորգետնյա տարածք սկսեցին իջնել մարդիկ, որոնք մսով լի պոլիէթիլենային տոպրակ բերեցին։ Խոհարարին կարգադրեցին պարունակությունը դատարկել սեղանին և մատուցել ոսկե սկուտեղով։ Ռոսասի պնդմամբ՝ երբ բացեց տոպրակը, տեսավ, որ ներսում մարդկային մնացորդներ են։
«Ես շրջվեցի ու ասացի. «Եղբա՛յր, խելքդ թռցրե՞լ ես։ Ինչպե՞ս կարող ես մտածել, թե ես սա կպատրաստեմ»։ Բայց նա բռնեց ինձ, ատրճանակը դեմ տվեց գլխիս ու ասաց. «Պատրաստի՛ր, թե չէ քե՛զ կուտենք»», — պատմում է տղամարդը։
Ռոսասը պնդում է, որ ստիպված է եղել մասնատել մարդու մարմինն ու դրանից ռագու պատրաստել։ Առաջին ծիսակարգից հետո նրան ստիպել են համտեսել իր իսկ պատրաստած ուտեստը։
«Դա ամենածանր բանն էր, որ երբևէ ստիպված եմ եղել անել», — խոստովանում է նա։
Մարդկային մնացորդներ, օրգանների առևտուր և միջազգային հանցագործներ
Ռոսասի խոսքով՝ հաջորդ երեք տարիներին ինքը մնացել է խմբավորման գերության մեջ։ Նրան ստիպել են ոչ միայն մարդու միս պատրաստել, այլև մասնակցել դաժան այլ ծեսերի։ Նա պնդում է, որ ստիպված է եղել մահացածների մարմիններից հեռացնել օրգանները, ինչի դիմաց իրեն կրեկ են տվել։
Տղամարդը հիշում է, որ մի քանի օրը մեկ ստորգետնյա տարածք էին գալիս մեծ ճամպրուկներով մարդիկ, վերցնում օրգաններն ու հեռանում։ Ռոսասը կարծում է, որ այնտեղ մարդկային օրգանների անօրինական առևտրի ցանց էր գործում։
Նա նաև պնդում է, որ ծիսակարգերին մասնակցում էին պարտիզանական և ռազմականացված կազմավորումների ներկայացուցիչներ, գողեր, թմրավաճառներ, ավազակախմբերի ազդեցիկ պարագլուխներ և օտարերկրացի հանցագործներ։
«Աշխարհի տարբեր ծայրերից հանցագործներ էին գալիս՝ մարդու մսից պատրաստված ռագու ուտելու», — պատմել է նա։
Նախկին խոհարարի խոսքով՝ Էլ Բրոնքսում դիակների պակաս չկար. երբեմն օրական յոթ-ութ մարմին էին բերում այնտեղ։ Ոմանք սպանության զոհ էին դառնում, մյուսները մահանում էին թմրանյութերի գերդոզավորումից։ Ռոսասի պնդմամբ՝ զոհերի թվում նաև ոստիկաններ կային։
«Ես այդպես ապրեցի երեք տարի։ Հուսահատության գիրկն էի ընկել ու պարզապես ուզում էի պրծնել այդ ամենից», — ասում է նա։
Ավելի քան հազար օր գերության մեջ անցկացնելուց հետո տղամարդը փորձեց ինքնասպան լինել՝ ապակե շշի բեկորով կտրելով երակները։ Նա հիշում է, թե ինչպես է արնաքամ լինելիս լսել, որ ինչ-որ մեկը հրամայում է թթվով լի լոգարան պատրաստել՝ իր մարմնից ազատվելու համար։ Սակայն ավազակախմբի անդամներից մեկն անսպասելիորեն նրան դուրս է բերել թունելից և թողել փողոցում։
Ռոսասը չգիտի, թե ինչու է վերջինս որոշել բաց թողնել իրեն։ Ծանր վիրավոր տղամարդուն հայտնաբերել է ոստիկանությունն ու տեղափոխել հիվանդանոց։
Նրան չհավատացին անգամ բժիշկները
Հիվանդանոցում Ռոսասը փորձեց բժիշկներին պատմել, թե ինչերի միջով է անցել վերջին երեք տարում։ Սակայն նրա պատմությունն այնքան անհավանական թվաց, որ տղամարդուն տեղափոխեցին հոգեբուժական բաժանմունք։
«Ոչ ոք ինձ չէր հավատում։ Բոլորը կարծում էին, թե խելագարվել եմ», — հիշում է նա։ Տղամարդը խոստովանում է, որ այդ պահին կրկին մտածում էր ինքնասպանության մասին և չէր ուզում վերադառնալ իրականություն։
Շրջադարձային եղան քրիստոնյա կամավորների խմբի այցելությունները։ Նրանք գալիս էին նրա մոտ, միասին աղոթում և զրուցում հավատքի մասին։
«Նրանք նստում էին կողքիս, աղոթում ինձ հետ, սովորեցնում զրուցել Աստծո հետ։ Ես մինչ օրս էլ ունեմ իմ ներքին դևերը, բայց վերջապես խաղաղություն եմ գտել», — ասում է Ռոսասը։
Այսօր նա օգնում է թմրամոլությունից ձերբազատվել փորձող մարդկանց և ինքն էլ արդեն 11 տարի է՝ սթափ կյանք է վարում։
Ի՞նչ էր թաքնված Էլ Բրոնքսի հետնախորշերում
Ռոսասի փախուստից կարճ ժամանակ անց տխրահռչակ թաղամասը վերացվեց։ 2016 թվականին ավելի քան 2500 ոստիկան և զինծառայող լայնածավալ հատուկ գործողություն իրականացրին Էլ Բրոնքսում։ Տարածքից դուրս բերվեց ավելի քան հազար անօթևան և կախվածություն ունեցող անձ, ինչպես նաև ազատ արձակվեց շուրջ 130 անչափահաս, որոնցից շատերը, ենթադրաբար, սեռական շահագործման էին ենթարկվել։
Իրավապահները ձերբակալեցին տասնյակ կասկածյալների և առգրավեցին կոկաինի, մարիխուանայի ու կրեկի խոշոր խմբաքանակներ։ Բացի այդ, գրավված շենքերից մեկի տակ հայտնաբերվեց մոտ 100 մետր երկարությամբ գաղտնի թունել։ Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն այն օգտագործում էին թմրանյութեր, զենք և առևանգված մարդկանց տեղափոխելու համար։
Էլ Բրոնքսում մարդակերության և սատանայական ծեսերի մասին պատմությունները երկար ժամանակ քաղաքային լեգենդներ էին համարվում։ Սակայն ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, դատական ոստիկանության նախկին ղեկավար Խուլիանա Կինտանան հայտարարեց, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, թե այդ թաղամասում սպանվածների մարմինները հանցավոր խմբավորումները կարող էին օգտագործել «անօթևաններին կերակրելու» և մարդակերության հակումներ ունեցող օտարերկրացիներին գրավելու համար։
Ռոսասի պատմությունը մնում է ամենասարսափելի վկայություններից մեկն այն մասին, թե, ըստ նախկին խոհարարի, ինչ է կատարվել կոլումբիական հետնախորշերի փակ դռների հետևում և ստորգետնյա թունելներում։ Իսկ ինքը՝ Ռոսասը, այսօր փորձում է վերապրած մղձավանջը ծառայեցնել որպես հնարավորություն՝ օգնելու մյուսներին դուրս գալ կախվածության ճիրաններից։





























