Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնից Ջենսեն Հուանգի հեռանալու լուրն իսկական ցնցում է դարձել Թայվանի համար։ Կղզում, որտեղ ծնունդով թայբեյցի գործարարին անվանում են «Թայվանի հպարտություն» և անգամ «ժողովրդի հայրիկ», շատերը նրա հրաժարականն ընդունել են որպես անձնական կորուստ։ Ինչպես գրում է NYT-ը, երկրպագուների մի մասը չի կարողացել զսպել արցունքները, իսկ մյուսները հույս ունեն, որ նա դեռ կվերադառնա ընկերության ղեկավարմանը։

Երբ հինգշաբթի երեկոյան լուրը տարածվեց, թայվանցի վարսահարդար Ռեյ Վանը չկարողացավ քնել։ Նա մի ամբողջ շիշ կարմիր գինի խմեց ու աղոթեց Հուանգի համար։ Գրեթե տասը տարի Վանը կտրում է գործարարի մազերն ու տեսնում, թե ինչպես են նրա մուգ ճերմակած վարսերն աստիճանաբար արծաթափայլ դառնում։

«Գուցե նրան հետ բերեն, ինչպես Սթիվ Ջոբսին վերադարձրին Apple»,- ասել է վարսահարդարը։

Թայվանում Հուանգը քիչ չունի նման երկրպագուներ։ Թեև նա ԱՄՆ քաղաքացի է և այնտեղ է տեղափոխվել ինը տարեկանում, բայց ծնվել է հենց այս կղզում։ Կարիերայի տարիներին գործարարն այստեղ գրեթե պաշտամունքային կարգավիճակ է ձեռք բերել. երկրպագուները նրան դիմավորում են գիշերային շուկաներում, հերթ կանգնում ինքնագրերի համար, իսկ այն ռեստորանները, որտեղ նա երբևէ այցելել է, պատերին փակցնում են նրա լուսանկարներն ու ստորագրությամբ հուշանվերները՝ ասես հոլիվուդյան աստղի մասունքներ լինեն։

Տեղացիները նրան անվանում են «Թայվանի հպարտություն» և ջերմորեն դիմում «ժողովրդի հայրիկ» անունով։ Իսկ նրա այցերի շուրջ բարձրացող իրարանցումն ստացել է Jensanity անվանումը՝ ի նմանություն Linsanity-ի՝ թայվանական ծագմամբ ամերիկացի բասկետբոլիստ Ջերեմի Լինի շուրջ ժամանակին բարձրացած համընդհանուր խանդավառության ալիքի։

Ինչո՞ւ է Թայվանն այդքան բարձր գնահատում Ջենսեն Հուանգին

1993 թվականին Հուանգը դարձավ Nvidia-ի համահիմնադիրներից մեկը։ Հաջորդող տասնամյակների ընթացքում ընկերությունը վերածվեց համաշխարհային առաջատարներից մեկի՝ արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ գերժամանակակից պրոցեսորների մշակման շնորհիվ։

Nvidia-ն առանձնապես սերտ կապեր է ձևավորել Թայվանի հետ, որտեղ գործում է կիսահաղորդչային չիպերի խոշորագույն արտադրողը՝ TSMC-ն։ Հենց այս ընկերությունն է թողարկում աշխարհի ամենաառաջատար միկրոսխեմաների մոտ 90 տոկոսը և հանդիսանում Nvidia-ի առանցքային գործընկերը։ Թայվանի տնտեսության համար դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։

Հուանգը միայն գործնական բանակցություններով չէր սահմանափակվում. նա անձամբ էր ջերմ հարաբերություններ կառուցում մատակարարների և աշխատակիցների հետ, հրապարակավ գնահատում նրանց ներդրումն ու աջակցում գործընկերներին։ Թայվանցի տեխնոլոգիական լրագրող Չեն Լյանժունի խոսքով՝ անցյալ նոյեմբերին Nvidia-ի ղեկավարը ժամանել էր կղզի՝ TSMC-ի ղեկավարությանը համոզելու, որ ընկերության համար լրացուցիչ արտադրական հզորություններ հատկացնեն։

Այդ նպատակով նա ղեկավարների հետ հանդիպել էր ավանդական հոթ-փոթի սեղանի շուրջ, իսկ հետո համբերատար կերպով վիսկիի շշեր մակագրել աշխատակիցների համար։ Նման քայլերը միանգամայն գործնական նշանակություն ունեին. Nvidia-ի համար չիպերի արտադրությունն ավելացնելու նպատակով մենեջերները ստիպված էին փոխել արտադրական գրաֆիկները, իսկ բանվորները՝ աշխատել արտաժամյա հերթափոխով։ Լրագրողը կարծում է, որ ամերիկյան մյուս տեխնոլոգիական հսկաները չէին հասնի համագործակցության նման պատրաստակամության, քանի որ թայվանցի գործընկերների հետ հարաբերություններին այդքան անձնական ուշադրություն չեն դարձրել։

Ոլորտի շատ ներկայացուցիչներ կարծում են, որ Հուանգն օժտված էր տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը կանխատեսելու և գործընկերներին իր հետևից տանելու բացառիկ հոտառությամբ՝ նույնիսկ երբ դա ռիսկերի հետ էր կապված։ Այժմ նրանք մտահոգված են, թե նրա հեռանալուց հետո ում կարծիքին են վստահելու։

Հրաժարականից կարճ ժամանակ առաջ Թայվանի էկոնոմիկայի փոխնախարար Հո Չին-ցանը հույս էր հայտնել, որ փոփոխությունները չափազանց լուրջ չեն լինի. նրա խոսքով՝ Հուանգը շատ այլ ղեկավարներից ավելի լավ էր հասկանում Թայվանը։

Երկրպագուները չեն հավատում կատարվածի արդարացիությանը

Հուանգի հրաժարականին նախորդել էին նրա երկու սիրավեպերի մասին լուրերը՝ Nvidia-ի թոփ-մենեջերներից մեկի և գործարար Ալիսա Հուանգի հետ։ Վերջինիս ամերիկյան հետախուզական կառույցները կասկածում էին Չինաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Պեկինն այդ մեղադրանքները հերքել է։

Թայվանում շատերը կատարվածը համարեցին անարդար և չափազանց հապճեպ։ Տեխնոլոգիական ոլորտի որոշ ներկայացուցիչներ նշեցին, թե չեն հասկանում, թե ինչու իրավիճակն այդքան արագ զարգացավ։ Սոցցանցերում ի հայտ եկան նաև դավադրության տեսություններ. առանձին օգտատերեր ենթադրեցին, որ ամերիկյան բիզնեսի և քաղաքական շրջանակների ազդեցիկ դեմքերը գուցե վախենում էին թայվանական ու չինական ծագում ունեցող տեխնոլոգիական ղեկավարների աճող ազդեցությունից։

Հուանգի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին թայվանցիները սկսեցին կատակել նաև սեփական տեխնոլոգիական հսկաների ճակատագրի մասին։ Կղզու բնակիչներից շատերը TSMC-ի բաժնետերեր են, ուստի Threads-ի օգտատերերը սկսեցին հրապարակել ընկերության ղեկավար Վեյ Չի-ցզյայի լուսանկարները՝ խնդրելով չկրկնել Հուանգի պատմությունը։

«Խնդրում ենք, միայն թե կողքից սիրավեպ չսկսեք։ Խնդրում ենք»,- գրել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելել է. «Իսկ եթե, այնուամենայնիվ, սկսեք, խնդրում եմ՝ չինացի լրտեսուհու չընտրեք»։ Այս գրառումները տասնյակ հազարավոր հավանումներ են հավաքել։

Միևնույն ժամանակ, շատ թայվանցիներ շարունակում են շնորհակալություն հայտնել Հուանգին՝ համաշխարհային ինդուստրիայի ուշադրությունը տեղական ընկերությունների վրա հրավիրելու և նրանց հսկայական պատվերներով ապահովելու համար։ Ֆինանսական բլոգեր Էմմի Հուն նկատել է, որ մյուս տեխնոլոգիական հսկաները հաճախ ճնշում էին գործադրում թայվանցի մատակարարների վրա՝ գների իջեցման հասնելու համար, մինչդեռ կղզու նկատմամբ Հուանգի վերաբերմունքն առատաձեռնության արտասովոր դրսևորում էր։

Թայչժունում գործող հոթ-փոթ ռեստորանի սեփականատեր Կան Վեն-տենը կոչ է արել հիշել այն ամենը, ինչ գործարարն արել է Թայվանի համար։ «Շնորհակալություն, հայրի՛կ Հուանգ»,- գրել է նա։

Կղզում արդեն քննարկում են թայվանական տեխնոլոգիական ոլորտ Հուանգի հնարավոր վերադարձի հարցը, սակայն ոմանք անգամ ենթադրում են, որ նա կարող է գլխավորել TSMC-ն կամ ընդգրկվել դրա տնօրենների խորհրդում։

Իսկ նրա վարսահարդար Ռեյ Վանը պատրաստվում է նամակ գրել նախկին հաճախորդին։ Նա վստահ է, որ եթե Հուանգը երբևէ վերադառնա Թայվան, անպայման կմտնի իր մոտ՝ մազերը կտրելու։