Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի» (TRIPP) տարանցիկ միջանցքի նախագծի հաստատումը լուրջ անհանգստություն է առաջացրել Թեհրանում։ Ինչպես գրում է Iran International-ը, Իրանի պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները զգուշացնում են, որ ԱՄՆ կառավարման ներքո նախատեսվող նախագծի իրագործմամբ Իրանի հյուսիսային սահմանի մոտ ամերիկյան ներկայություն կհաստատվի։
Հայաստանի խորհրդարանը համաձայնագրին հավանություն է տվել հոկտեմբերի 28-ին։ Դրանից հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը սպառնացել է Երևանին, իսկ պետական լրատվամիջոցները Թեհրանին կոչ են արել կասեցնել նախագծի իրականացումը։
Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզով Ադրբեջանը կապել իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Սյունիքը սահմանակից է իրանական Արևելյան Ադրբեջան նահանգին և ապահովում է Իրանի միակ ուղիղ ցամաքային կապը Հայաստանի, իսկ նրա միջոցով՝ նաև Կովկասի մնացած հատվածի հետ։
Երթուղու ստեղծման մասին հայտարարվել էր դեռևս 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրների միջև խաղաղության շրջանակային համաձայնագիր էին ստորագրել։
Ադրբեջանը տևական ժամանակ այս երթուղին անվանում էր «Զանգեզուրի միջանցք», իսկ Թեհրանը տարիներ շարունակ դեմ էր դրա բացմանը՝ զգուշացնելով, որ նախագիծը կարող է Իրանը կտրել Հայաստանից։
Ըստ համաձայնագրի՝ Վաշինգտոնն ու Երևանը ստեղծելու են TRIPP Development համատեղ ընկերությունը, որի բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Համաձայնագիրը կնքվում է նախնական 49 տարի ժամկետով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը կհասնի 49%-ի։
Իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբանները կարծում են, որ TRIPP-ը կարող է կրճատել Իրանի տարանցիկ եկամուտներն ու թուլացնել նրա՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի դիրքերը։ Բացի այդ, երկրի հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ներկայության հաստատումը նրանք դիտարկում են որպես անվտանգային լուրջ սպառնալիք։
Պետական Mehr News գործակալությունը նոյեմբերի 9-ին հրապարակել է «Կովկասն ԱՄՆ ազդեցության ճանապարհին. Թեհրանը պետք է կանխի TRIPP միջանցքի իրագործումը» վերնագրով հոդված։ Դրանում պնդվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո Իրանը պետք է վերանայի Կովկասի նկատմամբ իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով, ինչպես գործակալությունն է ձևակերպել, «տարածաշրջանային դասավորություններում երկրի նոր դիրքը»։
Mehr-ը նշում է, որ «ուժի վրա հիմնված այլ մոտեցումը» կարող էր կանխել Հարավային Կովկասում Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող գործունեության տարածումը։
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին նոյեմբերի 5-ին Ettela’at թերթում հրապարակված հոդվածում այդ համաձայնագրի համար քննադատել է Փաշինյանին։
Վելայաթիի խոսքով՝ ինքը Հայաստանի փոխարտգործնախարարին և Թեհրանում ՀՀ դեսպանին ասել է, թե ուկրաինական հակամարտությամբ Ռուսաստանի զբաղված լինելը չպետք է Երևանին «սխալ հաշվարկների» դրդի։ Նա ընդգծել է, որ Իրանն իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության համար՝ «Ռուսաստանի հետ, թե առանց նրա»։
Վելայաթին նաև հայտնել է, որ ավելի ուշ իրանցի զորահրամանատարներն այցելել են տարածաշրջան և լայնածավալ զորավարժություններ անցկացրել՝ Իրանի «ուժն ու վճռականությունը» ցուցադրելու համար։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ է նախազգուշացրել Հայաստանի դեսպանին. «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այս կարմիր գիծը, մենք կջարդենք նրանց ոտքերը»։
Ի պատասխան՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նախագիծը չի ենթադրում զինված զինծառայողների ներկայություն։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի հարևաններից ոչ մեկը, այդ թվում՝ Իրանը, տնտեսական նախագիծը չպետք է ընկալի որպես սպառնալիք։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ նախագծի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության հրապարակումից անմիջապես հետո Թեհրանը Երևանին է փոխանցել իր մտահոգությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ երթուղին չի հանգեցնելու միջազգային սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության, իսկ դրա տարածքում ամերիկյան զինուժ չի տեղակայվելու։
Երևանի արկածախնդրությունը՝ Թրամփի խաղաքարտով
Չնայած Հայաստանի հավաստիացումներին՝ իրանական պահպանողական լրատվամիջոցները շարունակում են քննադատել նախագիծը։
Նոյեմբերի 9-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերության կողմից հրատարակվող Jam-e Jam թերթը հոդված է տպագրել «Երևանի արկածախնդրությունը՝ Թրամփի խաղաքարտով» վերնագրով։
«Իրանի ազգային անվտանգության դոկտրինի տեսանկյունից անընդունելի է Սյունիքի մարզում ԱՄՆ վերահսկողության ներքո գտնվող տնտեսական ու վարչական կառույցի ձևավորումը, նույնիսկ եթե սկզբնական փուլում այն մատուցվում է տարանցման և առևտրի քողի ներքո», — ասված է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է պարբերականը, անվտանգային սպառնալիքները պարտադիր չէ, որ ռազմաբազաների ստեղծումից սկսվեն. թշնամական տերությունների հետ կապված ռազմավարական ենթակառուցվածքներն ու ցանցերը կարող են երկարաժամկետ ազդեցության հիմք դառնալ։
Նույնաբովանդակ տեսակետ է նոյեմբերի 7-ին Farhikhtegan թերթում հայտնել նաև ռուսական հարցերով վերլուծաբան Մեհդի Սեյֆ-Թաբրիզին։
«Թեհրանի մտահոգությունն, ըստ էության, չի սահմանափակվում ամերիկյան զինված ուժերի հնարավոր տեղակայմամբ։ Խոսքն Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ ազդեցության մշտական ենթակառուցվածք ձևավորելու մասին է, որը ճգնաժամային պահերին կարող է ծառայեցվել սկզբնական տնտեսական խնդիրներից դուրս եկող նպատակների», — գրել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանի անհանգստությունն էլ ավելի է խորացել։





























